Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի
Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է ՀՀ դատախազությունը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել և Հ.Մ.-ի վարած ավտոմեքենայում ապօրինի պահելով՝ ապօրինի փոխադրել են «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ:
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դրանք հայտնաբերվել և վերցվել են Սյունիքի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի ԱՀ տանող ճանապարհահատվածում։
Սյունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ ձերբակալվել են նշված ավտոմեքենայի սեփականատերը, վարորդը և ուղևորը, հոկտեմբերի 29-ին նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով):
Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի լիարժեք հանգամանքները բացահայտելու համար:
ՀՀ դատախազությունը խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ նման հանցավոր գործողություններից, որոնք հղի են ՀՀ-ի և ԱՀ-ի բնակչության, հասարակական անվտանգության, հանցածին իրավիճակի վատթարացման սպառնալիքներով: