Երևան. ԵԱՀԿ ՄԽ-ի հետ չի քննարկվել Ղարաբաղի հարցով բարձր մակարդակով հանդիպումների հարցը
Հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ չի քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բարձրագույն մակարդակով հանդիպումների հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
«Այս պահին բանակցային գործընթացի կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկել բարձրագույն մակարդակով հանդիպումների ժամկետներն ու հնարավորությունը»,- ասել է Հակոբյանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներ, բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելը խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն է։ «Հայաստանը, ինչպես Լեռնային Ղարաբաղը, մշտապես աջակցել են համանախագահ երկրների այդ դիրքորոշմանը»,- նշել է Հակոբյանը։
Ըստ նրա՝ մոտ օրերս կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ «Դա լավ առիթ կլինի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններին Ռուսաստանի մոտեցումները քննարկելու եւ բանակցային գործընթացի հեռանկարներին նայելու համար, որի բուն էությունն, անխոս, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է»,- ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մոտակա ժամանակներս կարող են ինտենսիվ բանակցություններ սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: «Նախաձեռնությունը ստացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին և համապատասխանաբար այժմ պատրաստվում է բանակցային գործընթաց:Հավանաբար մոտակա օրերս կսկսվի բանակցությունների ինտենսիվ փուլը», -նշել է Հասանովը Հազար հեռուստաընկերության եթերում:
Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում ապրիլի 2-ին իրավիճակը կտրուկ լարվել էր. սկսվել էին ռազմական թեժ բախումները, ինչից հետո հակամարտության կողմերը միմյանց մեղադրել էին հրադադարի խախտման համար: Ապրիլի 5-ին ժամը 12.00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այն ձեռք է բերվել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում: Սակայն դրանից հետո Ադրբեջանը հրադադարի խախտման և դիվերսիոն փորձեր է իրականացրել: