23.11.2024
Ադրբեջանական զինուժի կրակոցից ԼՂՀ ՊԲ զինվոր է վիրավորվել
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Իսլամական համագործակցության կազմակերպությունն աղավաղել է Ղարաբաղի հակամարտության էությունը

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթները աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճշնելու քաղաքականության: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը News.am–ի հետ զրույցում:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած դրույթները, Քոչարյանն ասել է. "Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության":

Տվյալ ձևակերպումներով, ըստ նրա, մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը: "Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին", - ասել է նա:

Քոչարյանի խոսքով, տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում: