Ադրբեջանական բանակը 5 օրում ոչ մի խնդիր չի կատարել, «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենոկը:
«Պետք է ուղղակի ասել, որ Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել և ձեռնամուխ է եղել հարձակողական գործողության իրականացմանը։ 5 օրը շատ է՞, թե՞ քիչ: 6 օրում Իսրայելը ջախջախել է բազմաթիվ անգամ գերազանցող արաբական կոալիցիային, Կարմիր բանակը 3 օրում վերցրել է Քենիգսբերգը։ 5 օրվա ընթացքում, ինձ թվում է, Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել նույնիսկ առաջնային խնդիրները, օրվա խնդիրները։ «Ոսկե ժամանակը» Իլհամ Ալիեւի համար բաց է թողնվել, և քանի որ ոչ մի նշանակալի արդյունք չկա՝ չի հաջողվել վերցնել Ֆիզուլին, ոչ Մարդակերտը, ոչ մի խնդիր չի հաջողվել կատարել», - ասել է Խոդարենոկը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմի մոտ զինամթերքը մոտենում է ավարտին, և ևս 2-3 օրի այդ պատերազմը կդադարի։ Պատերազմել պետք է արագ, հասնել հաջողության: «Դու չհասցրեցիր այդ խնդիրները լուծել առաջին երկու օրերին, դու դրանք չես լուծի հետո եւ երկու շաբաթվա ընթացքում, եւ կլինեն նման դանդաղաշարժ փոխհրաձգություններ», - հավելել է նա։
«Ադրբեջանի ԶՈՒ-ն, անշուշտ, տեխնիկապես ավելի լավ է հագեցած, դրանք շատ են ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով: Բայց անձամբ ես միշտ հարցեր եմ ունեցել անձնակազմի պատրաստվածության որակի, հատկապես այն մասնագետների հետ, ովքեր մարտական ծառայություն են իրականացնում սահմանում՝ հրետանավորներ, օդաչուներ և այլն», - ասել է նա։
«Որպեսզի հասկանանք, թե ինչու Ադրբեջանի մոտ այնքան էլ լավ չի ստացվում ռազմական գործողություններ վարելով, պետք է հայացք նետել 90-ականներին, թե ինչու են նրանք այդ ժամանակ ամեն ինչ տանուլ տվել գործնականում։ Ռազմական ծառայությունը երբեք կարևոր ու պոպուլյար չի եղել ադրբեջանական բնակչության շրջանում։ Ես Խորհրդային, ապա ռուսական բանակում 30 տարվա ծառայության ընթացքում ոչ մի ադրբեջանցի օդաչու չեմ տեսել։
Ժամանակին, երբ Ադրբեջանում տեղակայված էր ԽՍՀՄ 4-րդ համազորային բանակը, այնտեղ պարբերաբար զորահավաքային գործողություններ էին իրականացվում, պահեստազորից կանչում էին Ադրբեջանի քաղաքացիներին, փորձում էին հրետանային մարտկոցներ, դիվիզիոններ, մոտոհրաձգային ստորաբաժանումներ ձևավորել, շատ վատ էր ստացվում: Ինչու? Որովհետև ում կանչում էին կամ խոհարար էր, կամ հացթուխ, կամ հնոցապա, կամ ռազմաշինարարական ջոկատի զինվորը», - եզրափակել է նա։