Արցախյան ճակատում անցած չորս օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, սեպտեմբերի 30-ին դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել, մարտական գործողությունները ընթացել են ճակատային ողջ գծով։ «Կան փաստեր այն մասին, որ մարտական գործողություննեը շատ ավելի վաղ էին պլանավորվել», - ասաց նա՝ հավելելով, որ անցած չորս օրում խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում։
Նա հայտարարել է, որ ՊԲ-ում ծառայում է 18-ամյա զինծառայող, ով խոցել է հակառակորդի 9 միավոր տեխնիկա: «Նա այժմ շարունակում է ծառայությունը, կան արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի մասնակցած անձինք, ովքեր այժմ ևս մարտադաշտում են ու երեք տանկ են առգրավել Ադրբեջանից», - ասաց նախագահը։
Նա կրկնեց իր միտքն այն մասին, որ պատերազմը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջև է: Այս համատեքստում նա վստահ չէ, թե արդյոք կկարողանա արցախյան առաջին պատերազմի նման Ռուսատսանը հանդես գալ միջնորդական առաքելությամբ և խոսել Թուրքիայի հետ այնպես, ինչպես խոսում էր Բաքվի հետ նախկինում:
«Այն ժամանակ կռվում էր Արցախը Ադրբեջանի դեմ ու ռուսը կարող էր «համոզել» Ադրբեջանին ու խնդրելու հայաստանին զինադադարի առումով, այսօր պետք է խոսի Հայստանի հետ և Թուրքիայի հետ։Ես չգիտեմ, թե ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու թուրքական իշխանության հետ», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ն արդյոք ազդակներ Ռուսաստանից բանակցությունների մեկնարկի մասին:
Անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան ժամանած վարձկանների թեմային, որի մասին գրում են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները, ինչպես նաև հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ն, Հարությունյանը հիշեցրեց չեչեն ռազմական գործիչ Շամիլ Բասաևի հայտարարությունը: «Նա հայտարարել է, որ արցախյան պատերազմն իրենց պատերազմը չէ», - ասաց Հարությունյանը՝ կանխատեսելով, որ վարձկանները փորձանք են դառնալու Ադրբեջանի ժողովրդի գլխին։
Արցախի նախագահը խոսլե է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը օրակարգում պահելու մասին: «Հարցն օրակարգում է, սակայն պիտի կայացվի այնպիսի որոշում, որ հետագայում Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիրներ չլինեն, - ասել է նա՝ վերջում հավելելով: - Արցախը երբեք չի գրավվել ու չի գրավվելու»։