26.11.2024
Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Ծեծել են Գավառի ու Մարտունու ոստիկանության պետերին, հարուցվել է քրգործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:


Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:


Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:


Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:


Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:


Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է: