Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կերկարացվի. Փաշինյան
Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել էր ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ էին ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
Երեկ Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միացավ բողոքին՝ անձնակազմը ազատման դիմումներ ներկայացրեց: