29.11.2024
Արմեն Փամբուխչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արարատ Միրզոյանը պահանջներով սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ, առհասարակ, իշխանությունների միջեւ փոխհրաձգությունը դադարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, եւ իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, եւ խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, եւ պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին: Ընդ որում, նշվել է, որ թեեւ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։ Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին եւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, եւ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի: Իշխանությունները, որ սեփական թիմակցին ատամներով պահելու սրբազան երդում են տվել մեկմեկու, իրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլեւ անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու եւ այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել: «Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հաստատեց` այո, դեպքեր կան, երբ վիրավորանքին վիրավորանքով պետք է պատասխանել: «Ի՞նչ ասել է՝ Արայիկ Հարությունյանն անհարիր բառապաշար է կիրառել, հետեւաբար չենք մասնակցում նիստերին: Է, մի՛ մասնակցեք, որ այդպես լիներ, ապա ամեն անգամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «երեքտառանոց» արտահայտություններից հետո պետք է լքեինք նիստերի դահլիճն ու բոյկոտեինք նիստը: Եթե ընդդիմություն են, ուրեմն կարող են ազատորեն ստել ու հերյուրանք տարածել, հա՞»,- նշեց պատգամավորը: Իմքայլականն ընդգծեց նաեւ՝ բոլոր նրանք, ովքեր վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, նրա դուստրերի մասին վիրավորական գրառումներ անում, մի պահ թող հիշեն, որ իրենք էլ անցյալ ունեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխող թիմում առնվազն միակարծիք չեն Հարությունյանի հարցում։ Նախարարին անվստահություն հայտնելուն դեմ քվեարկեց 83 պատգամավոր՝ ներառյալ իշխանական «գծի» մեջ երբեմն-երբեմն անկախ երեւացող Արման Բաբաջանյանը։ Ովքե՞ր էին այն 6 պատգամավորը, որոնք առնվազն ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց․ Արսեն Ջուլֆալակյանը, հասկանալի է՝ նիստերին չի հաճախում, իսկ, օրինակ, Կորյուն Մկրտչյանը, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ներկա էին, բայց չքվեարկեցին։ Սակայն «Իմ քայլում» հատկապես բուռն քննարկվում էր Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի՝ քվեարկությանը չմասնակցելը։ Նրանք ավելի ուշ ներկայացան ԱԺ։ «Իմ քայլում» խոսում էին, որ Սասուն Միքայելյանն այդ քվեարկությունը բոյկոտելու մի քանի պատճառ ուներ, նախ որ կոտայքցի է եւ վրդովվել է Արայիկ Հարությունյանի՝ «մի խումբ կոտայքցիներին» ուղղված հայտարարությունից։ Երկրորդ․ Հարությունյանը վիրավորել է իր ընկեր Գագիկ Ծառուկյանին․ «Իսկ որտեղ Սասունը՝ այնտեղ էլ Թագուհին»։ Զարմանալիորեն, նիստին ներկա չէր նաեւ մեկ ուրիշ կոտայքցի՝ Քրիստինե Պողոսյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։ Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա առաջին հրապարակային ճաքերը տալ, մնացածներն էլ իրենց հազիվ են զսպում, որ «ցուպը» հեղափոխության առաջնորդներից մեկի ձեռքից չխլեն ու․․․ Հրաժարականի պահանջին միացավ խորհրդարանական ընդդիմությունը, եւ մի ուշագրավ դրվագ առավել ակնառու դարձավ։ Երբ պաստառով լուսավորականները փորձեցին նիստերի դահլիճ մտնել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցին ասաց, որ թույլ չտան ներս տանել պաստառը, հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ ու գրեթե «բարի երթ»-ով նրանց ներս ուղեկցեց։


Փաստորեն արդեն իրավիճակ էր փոխվել, ավելին, պաստառի հետ անհաշտ պայքար մղող փոխխոսնակը եւ Փաշինյանի միակ ու անկրկնելի աներձագը կարճ ժամանակ անց անձամբ լուսանկարվեցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարարից «դուխով» հրաժարական պահանջող պաստառի հետ` լայն ու լուսավոր ժպիտով։ Կարծես ժամեր առաջ Սիմոնյանը չէր խորհրդարանի «վերակացուի» դերը ստանձնել։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԱԺ-ում իր հրաժարականի քննարկման օրն Արայիկ Հարությունյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե հեղափոխության առաջնորդներից մեկն ինքն է, եւ իր հրաժարականն անգամ չերազեն։ Սա ավելի շատ ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանն ուղղված ուղերձ էր, որովհետեւ իշխանությունում արշալույսները շատ վաղուց արդեն խաղաղ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ձեռքով ուզում է ազատվել իր վարկանիշի վրա մեծ քար գցող նախարարից։ Իսկ վերջինս նրան հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. ինչքան Փաշինյանը, նույնքան էլ ինքը «հեղափոխության» իրավատերերից են։ Ասել է՝ որքան Փաշինյանն իրավունք ունի մնալու իր աթոռին, այնքան էլ՝ Հարությունյանը։ Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլեւ նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։ Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու պատճառը սկզբունքային անհամաձայնությունն էր Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին իմքայլականները հանդիպում-բանակցում են Ջուլֆալակյանի հետ, փորձում համոզել՝ վերադառնալ ԱԺ։ Պատմեցին, որ Ջուլֆալակյանը պատգամավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ հիմա շատերն են լցված կառավարության դեմ, ասել է, որ մեկ 2018-ի ապրիլյան օրերին էին իրեն փողոցում տեսնողները ողջունում՝ դրվատելով, որ միացել է հեղափոխությանը, մեկ էլ հիմա՝ մանդատից հրաժարվելու առիթով։ Իշխող խմբակցությունում Ջուլֆալակյանից բացի այլ պատգամավորներ էլ են դժգոհ կառավարության գործելաոճից․ «Ինչ ուզում, անում են, խորհրդարանին էլ պարտադրում են դակել իրենց անհեթեթ որոշումները, չեն ընդունում ոչ մի դիտողություն»։ Ավելին, պատմեցին, որ Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել հրաժարվել մանդատից, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են՝ մտածելով, որ այլեւս աշխատանք չեն գտնի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենք են ստեղծել իրական ճգնաժամ, եւ երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա մենք առիթ ունեցել ենք նշելու, որ առանձին ուժեր շոկի մեջ են հայտնվել դրանցից, սակայն «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց իսկ ընտրությունից ոչ պակաս շոկի մեջ են հայտնվել մի շարք «իմքայլականներ»: Բոլորս ականատես եղանք, թե ինչպես իշխանական թիմը խորհրդարանում նախ քննադատեց, որոշ դեպքերում՝ շատ ծայրահեղական ու կոպիտ տոնայնությամբ, իսկ քննարկման հաջորդ օրը փակ գաղտնի ռեժիմով գրեթե միաձայն (1-2 վերապահումներով) ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։ Մեր տեղեկություններով, իրադարձություններն ընթացել են անակնկալ ռեժիմով. մասնավորաբար, ՍԴ անդամների ընտրության նախօրեին երեկոյան կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում իշխանական ուժի օրենսդրական թեւի պատասխանատուների հետ, եւ քաղաքական ղեկավարության կողմից հատուկ հանձնարարական է իջեցվել ՍԴ դատավորների քվեարկության հարցում խմբակցությունում լինել միակարծիք եւ կողմ քվեարկել բոլոր երեք թեկնածուներին։ Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, օրենսդիրի ներկայացուցիչներին հանգամանալից բացատրվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, ամբողջովին ժամանակավոր երեւույթ է, քանի որ առաջիկայում դատաիրավական ոլորտում տեղի են ունենալու էլ ավելի արմատական փոփոխություններ՝ ստեղծվելու է Գերագույն դատարան, եւ ՍԴ-ն փաստացի վերանալու է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, եւ առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ եւ վերադառնան բնականոն աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը համաձայնել է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու՝ պայմանով, որ հենց ինքն էլ պետք է հետագայում դառնա Սահմանադրական դատարանի նախագահ: Սակայն սա նրա պայմանավորվածությունն է իշխանությունների, այլ ոչ թե ՍԴ մյուս անդամների հետ: Եվ հենց այստեղ էլ թաքնված է ինտրիգը: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Սահմանադրական դատարանի մյուս անդամներն այնքան էլ կողմ չեն Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը եւ իրենց ծրագիրն են մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը:


Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։ Իսկ ո՞ր դեպքում նրանց ծրագիրը կարող է աշխատել:  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն: ՍԴ-ն ունի 9 թեկնածու, եւ եթե, բացառությամբ նորընտիր անդամների, մյուսները կողմ քվեարկեն Դիլանյանին, ապա այս ծրագիրը կաշխատի: Նկատենք, որ այստեղ կողմ քվեարկելու հավանականությունը մի փոքր քիչ է միայն Աշոտ Խաչատրյանի պարագայում, եթե մինչեւ այդ նրան չհամոզեն: Եվ եթե նա եւս կողմ քվեարկի Արման Դիլանյանի օգտին, ապա այդ վեց ձայներն ապահովված են, իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, եւ այդ պարագայում ՍԴ նախագահ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Հետաքրքիր է, որ Արման Դիլանյանին «դուխ են տվել» եւ վստահեցրել, թե ամեն ինչ կանեն, որ հենց ինքը դառնա ՍԴ նախագահ, ոչ թե Երվանդ Խունդկարյանը: Խունդկարյանը, սակայն, չի նահանջում եւ կշարունակի պայքարը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի փոխհարաբերությունները նոր փուլ են թեւակոխել։ Մի կողմից, Հարությունյանն ընդլայնում է Բաբայանի լիազորությունները, եւ ԱԱԽ աշխատակազմը մոտ 10 անգամ ընդլայնվել է՝ հասնելով 56 հաստիքի՝ նախկին 3-4-ի փոխարեն, մյուս կողմից՝ Բաբայանի մարդկանց են ազատում։ Արայիկ Հարությունյանի հրամանով Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նա իր մտերիմ գործարարներից մեկին՝ Սասուն Բարսեղյանին, նշանակել է այս պաշտոնում։ Նախկինը Սամվել Բաբայանի թիմից էր, նրա կուսակիցը, այս պաշտոնում նշանակվել էր 2 ամիս առաջ։ Ասում են՝ Բաբայանը նրա առաջ կանաչ լույս էր վառել՝ ով դուրդ չի գալիս, ազատիր, մարդն էլ կոտորած էր սարքել եւ նեղացրել Հարությունյանի մարդկանց։ ԱՀ նախագահի համբերության բաժակը լցվել է եւ, ինչպես Դադայանը մեզ փոխանցեց, «առանց պատճառի» իրեն ազատել է աշխատանքից։ Ճի՞շտ է, որ Դուք «կոտորած» եք արել Հարությունյանի «մարդկանց» շրջանում, ու դա է ազատման պատճառը։ «Իմ մոտ առաջնահերթությունն անաչառությունն է եւ հավասարության սկզբունքը, մնացածը չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի»։ Կադրային ջարդ իրականացրե՞լ եք, թե՞ նեղացրել եք որոշ մարդկանց։ «Ես ոչ մեկին չեմ նեղացրել, բայց կային մարդիկ, որոնք չէին համապատասխանում իրենց պաշտոնին, զգուշացրել եմ, կարգի եմ հրավիրել։ Որ ասեմ՝ ազատել եմ գործից, դա էլ չեմ արել, պարզապես խախտում արձանագրելուն պես կարգի եմ հրավիրել՝ օրենքի շրջանակներում»։ Դադայանն ասաց, որ իրեն փոխարինողը գործարար է։ Հարցրինք՝ իսկ օրենքը բիզնեսմենին թույլ տալի՞ս է պաշտոն զբաղեցնել։ «Արցախում ամեն ինչ էլ հնարավոր է»։ Իր ազատման հարցով չի զրուցել Բաբայանի հետ։ Իսկ ի՞նչ է անելու։ «Մտածում եմ՝ հեռանամ էս երկրից»։