Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք 200-ից նվազ ամենօրյա դեպք, երեկվա ցուցանիշը 203 է, սակայն հետազոտությունների նաև շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Այդ մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ խնդրելով պահպանել կորոնավիրուսի հակահամավարակային կանոնները, քանի որ Covid-19-ի դրական դեպքերի նվազման միտումը, կարծես, նորից սկսում է շարունակվել:
Նրա խոսքով, պետք է ամեն բան անել հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:
«Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված, և էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ կանոնների որոշակի թուլացումից հետո դրանք պահպանելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում:
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսից 864 մահ է արձանագրվել, ևս 265 մահ է եղել կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, և կառավարության ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:
VERELQ-ը հայտնում է, որ Հայաստանում օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ: Բացասական թեստերի քանակը 1735 է: Դրական է կատարված թեստերի 10,4 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 43270
Առողջացածներ - 36988
Փաստացի բուժվողներ -5153
Ընդհանուր թեստեր - 200507
Մահվան ելքեր - 864
Մահվան ելքեր այլ պատճառով – 265