Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց ուշադրություն դարձնել գազի շահագործման կանոններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով նախօրեին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին:
«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի, 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,- ասաց Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, որոնք ժամանակավոր կացարան տեղափոխվելու ցանկություն են հայտնել, արդեն տեղավորվել են հյուրանոցում, սակայն եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկացել են այլ տեղ տեղավորվել:
«Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլուզման հետևանքով երկու քաղաքացի ստացել են վնասվածքներ, մեկ մարդ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: