Փլատակների տակից դուրս բերվեց տղամարդու դի
Քիչ առաջ փրկարարները Ռայնիսի փողոցում պայթած շենքի փլատակների տակից դուրս են բերել մի տղամարդու, ում պատգարակով ու ամբողջովին ծածկված վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին տեղեկացրել է, որ երրորդ տուժածը փլատակներից դուրս է բերվել մահացած վիճակում:
ՔԿ-ից հայտնում են, որ փլատակների տակից դուրս բերված տղամարդը նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանն է:
VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ավելի վաղ փլատակների տակից դուրս էին բերվել երկու քաղաքացի, նրանք այժմ հիվանդանոցում են: Տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։