23.11.2024
Նալբանդյան. Իրավիճակն Ուկրաինայում պետք է կարգավորվի Մինսկի համաձայնությունների հիման վրա
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. Բաքուն փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները

Ճիշտ չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որակել որպես «էթնիկ-կրոնական»: Թեև Ադրբեջանը շարունակում է հիմնախնդրին միջկրոնական բնույթ հաղորդելու վտանգավոր փորձերը: Ոչ ոք չի մոռացել, որ այս նպատակով դեռ հակամարտության սկզբնական շրջանում օգտագործվել են տխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապեր ունեցող վարձկաններ Աֆղանստանից և ոչ միայն: Այդ մասին ռուսաստանյան «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, 2014թ.-ին, երբ լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը, ադրբեջանական կողմը շեշտակի ավելացրեց հրադադարի ռեժիմի խախտումները, այդ թվում՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա և գնդակոծելով քաղաքացիական օբյեկտները։ Դա հանգեցրեց իրավիճակի կտրուկ սրմանը, հակամարտության բոլոր կողմերից աննախադեպ թվով զոհերի:

«Իրավիճակի շարունակվող սրման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ս.թ. հունվարին լուրջ մտահոգություն հայտնեցին Ադրբեջանին` իր ու Արցախի միջև շփման գծում և Հայաստանի հետ սահմանին դիվերսիոն գործողությունների կապակցությամբ: Նրանք Բաքվին կոչ արեցին՝ հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:
Համանախագահները հանդես են եկել և շարունակում են հանդես գալ հրադադարի ռեժիմի ամրապնդման, միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի ստեղծման, դիպուկահարների դուրս բերման, վստահության այլ միջոցների վերաբերյալ հստակ առաջարկներով: Բայց Ադրբեջանը այդ առաջարկների, միջազգային հանրության մանդատ ունեցող միջնորդների նախաձեռնությունների հանդեպ լիակատար արհամարհանք է դրսևորում»,-նշել է նախարար Նալբանդյանը:

Ըստ նրա`Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը, ասել է Նալնաբդյանը, մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:

«Ադրբեջանական կողմը բանակցությունների պատրանք ստեղծելու նպատակով փորձում է սեփական պատկերացումները ներկայացնել իբրև համանախագահների առաջարկություններ, խեղաթյուրում է հիմնահարցի և բանակցային գործընթացի էությունը և Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին վարկաբեկելու արշավ է իրականացնում: Ս.թ. հունվարի 27-ին համանախագահները հարկադրված էին հիշեցնել Բաքվին իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերակատարության և ԵԱՀԿ դիտորդների պարտավորությունների հանդեպ շարունակաբար հնչող քննադատության կապակցությամբ», - նշել է նախարարը:

Նրա խոսքով, Ադրբեջանը սևեռվել է իբր իր ունեցած հնարավորություններով՝ ռազմական ճանապարհով հիմնահարցը լուծելու վրա: «Այստեղից էլ սերում են համապատասխան փորձերը՝ կասկածի տակ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեությունը, տեղափոխել հիմնախնդրի կարգավորումը այլ միջազգային հարթակներ, հիմնահարցին տարածքային խնդրի բնույթ հաղորդել կամ շահարկել կրոնական գործոնը: Այս ամենը քողարկվում է սադրիչ գործողությունների ակտիվացմամբ՝ ինչպես Արցախի հետ շփման գծում, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին: Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Բանակցային կարգավորմանը այլըտրանք չկա», - նշել է նախարարը: