Մհեր Դավիդյանցը հրաժարվել է ԱՆ առաջարկներից. խոսնակը պարզաբանում է
Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հիշեցնում է, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել:
«Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։
Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։
Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:
Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը Facebook-ի իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: