Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմամբ հետաքրքրված են բոլորը - ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, մենք հավատում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով, որոնք կողմերին կխրախուսեն հաստատել խաղաղություն, հրադադար, ինչի շուրջ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: Իրավիճակի կայունացումը այժմ բխում է գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա շեշտել է՝ Ռուսաստանը ելնում է ն նրանից, որ այն ամենը, ինչ ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրով նախկինում մշակվել էր միջազգային հանրության կողմից՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցային սեղանին:
«Ներկայիս ճգնաժամը չպետք է հետ մղի այն առաջընթացը, որը ձեռք է բերվել տիտանական ջանքերի արդյունքում՝ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրված, որոնք միտված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները մոտեցնելուն», - ասել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումը էապես կբարելավի իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում և կբարելավի գործընկերների միջև երկկողմ հարաբերությունները: Մենք կոչ ենք անում բոլորին հանդես գալ նույն այս դիրքերից, հատկապես Մինսկի խմբի երկրներին», -հավելել է փոխնախարարը: