23.11.2024
Ձեռք բերածը կապիտալիզացնելու հարցը դեռ չենք լուծել. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունն Ադրբեջանում «հեղաշրջում է նախապատրաստել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայ-դրբեջանական սահմանին լարված օրերին ընդդիմությունն Ադրբեջանում «հեղաշրջում է նախապատրաստվել» և փորձել իրականացել։


Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ընդդիմությանը՝ մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը, Ալիևն անվանել է «կեղտոտ տարրեր», «սադրիչներ», «հանցագործներ»: ««Ժողովրդական ճակատ» կուսակցության որոշ կեղտոտ տարրեր, օգտվելով առիթից, փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավիրածություններ իրականացրել», - պնդել է Ադրբեջանի նախագահը:


Անցած շաբաթ Հայաստանի հետ պատերազմի պահանջով Բաքվում տեղի ունեցած ցույցերից հետո Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են տասնյակ ընդդիմադիրների, որոնց մեղադրում են ցույցերի ժամանակ անկարգություններ կազմակերպելու մեջ, հայտնում է Ազատությունը։


«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ավելի վաղ հայտարարել է, որ Ղարաբաղը վերադարձնելու պահանջով ցույցին կուսակցությունը լիովին աջակցել է, սակայն որևէ կերպ չի մասնակցել դրա կազմակերպմանը, որպեսզի իշխանություններին առիթ չտա այդ ամենը ընդդիմադիրների դեմ օգտագործելու համար: «Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ կառավարությունը ինքը կսադրի և կճնշի առանց որևէ առիթի», - հայտարարել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունը` կոչ անելով Ալիևի վարչակազմին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիրներին և մյուս անմեղ մարդկանց, որոնք ձերբակալվել են այդ ցույցերի ժամանակ:


Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը քննադատել է մի շարք երկրների, այդ թվում` Ադրբեջանի իշխանություններին` կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը լռեցնելու, մարդու իրավունքները ոտնահարելու համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է հուլիսի 12-ին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական ԶՈՒ սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:


Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է Տավուշի բնակավայրերը, մասնավորապես, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Զոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող:


ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով:


Հակառակ կողմը հաստատել է 12 զինծառայողի կորուստի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմի պնդումներով ադրբեջանական զինուժի մարդային կորուստները, իրականում, ավելի շատ են:


Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտվել է հուլիսի 20-ին, որի մասին է վկայում նաև Իջևանում բացված ճգնաժամային կենտրոնի աշխատանքների ավարտի ազդարարումը:


ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներգրավված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, Ռուսաստանի համանախագահը: «Ինչպես նշեցի նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ։ Շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով», - ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: