24.11.2024
Մեկ օորւմ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 15 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները հարձակում են գործել Տավուշի ուղղությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած ռազմական գործողություններին:


Նա տեղեկացրել է, որ այս գիշեր ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել՝ ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։


Վարչապետը նշել է, որ դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես-Այգեպար գյուղերի ուղղությամբ, եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։


«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության՝ կանխել դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով՝ տալով զոհեր եւ վիրավորներ, կորցնելով տեխնիկա»,- ասաց վարչապետը։


Այնուհետեւ, վարչապետի խոսքով, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ30 հաուբից։


«Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ է մղել եւ իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում»։


Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 16-ին ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի:


Դեպքից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։


Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի «ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»։