Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին ռեստորանային բիզնեսի սեփականատերերը եւ աշխատակիցները։ Ակցիային ամսնակցում էին նաեւ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ եւ մատուցողներ։
Նրանք պահանջում էին ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսին իրավապահները բերման ենթարկեցին՝ սոցիալական հեռավորություն չպահելու համար:
Ցուցարարները նշում էին, որ եթե կառավարությունը խնդրին լուծում չտա, ապա հուլիսի 10-ի առավոտից նստելու են կառավարության շենքի դիմաց: Նրանք կառավարությունից պահանջում են վերացնել սահմանափակումներ, թույլ տալ իրենց աշխատել, հակառակ պարագայում ապահովել իրենց աշխատանքով:
«Եթե մեզ թույլ չեն տալու մեր աշխատանքով զբաղվել, ապա թող գործով ապահովեն, պատրաստ ենք ցանկացած աշխատանք կատարել, իսկ այսպես սովի ենք մատնված»,- հայտարարում էին ցուցարարները:
Նրանք նկատեցին, որ առաջարկել են կառավարությանն՝ ինչպես աշխատել: «Մեկ սեղանի մոտ նստում էին նախկինում 10 հոգի, այժմ կնստեն 5 հոգի, կպահպանեն հեռավորությունն այնպես, ինչպես արվում է վերաբացված սրճարաններում կամ այլ հանրային վայրերում», - ասաց ցուցարարներից մեկը՝ զարմանք հայտնելով, որ տրանսպորտում խիտ նստում են մարդիկ, հաճախում են առևտրի կենտրոններ, սակայն ռեստորաններին ամբողջ ծավալով թույլ չի տրվում աշխատել:
«Անընդահատ տեղաշարժի սահմանափակումներով եւ դիմակներով սովի մատնել մեզ եւ 4 պատի մեջ նստեցնելը ճիշտ չէ: Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան կմեռնենք վարակից»,- ասաց ռեստորանի երգիչներից մեկը, իսկ մեկ ուրիշն էլ նկատեց՝ հոգեբանորեն իրենք արդեն գրեթե մեռած են:
Քիչ ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին երաժիշտներից մեկին, ապա՝ մեկ ուրիշին: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են բերման ենթարկում նրանց, ոստիկանները չպատասխանեցին, միայն հորդորեցին սոցիալական հեռավորություն պահպանել:
Մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո մնացածը սկսեցին իրենց գործընկերներին հորդորել միմյանցից հեռու կանգնել, իսկ Երգչուհի Աննա Չալդրանյանը նկատեց. «Թող տանեն էնտեղ պահեն, միեւնույն է, տանը սոված նստած եմ, էնտեղ կմնամ, ի՞նչ տարբերություն»: