Բավական տևական ժամանակ է, որ շարունակվում է խաղաղ գործընթացը, և կարծում եմ, որ և՛ Հայաստանի համար, և՛ Արցախի համար շատ հստակ է կարևոր մեկ նպատակ՝ հասնելու բացարձակապես խաղաղ կարգավորմանն այս գործընթացում, բացառելու որևէ նոր վտանգներ, սպառնալիքներ Արցախի ժողովրդի անվտանգության համար։ Այդ մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Սպառնալիքները, ինչպես ասացի, խստորեն ժխտվում են, և անկախ սերունդների փոփոխությունից՝ մեկ բան շատ կայուն և շատ սկզբունքային, առաջնային է՝ անվտանգության գործոնը, անվտանգությունն այն առումով, որ Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին», - ասել է նա՝ հավելելով, որ պետք չէ մոռանալ՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։
«Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին։ Սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է․ սպառնալիքը գոյություն ունի, և անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։
Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է: Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ», - ասել է նախարարը։
Նա նաև նկատել է, որ անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով: «Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի, բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից», - ասել է նախարարը։
Դրան զուգահեռ, նրա խոսքով, շատ էական և սկզբունքային հարց կա, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը: «Այն վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց։
Այս բոլոր երեք ուղղություններով ունեցել ենք բավական ակտիվ աշխատանք համանախագահների և ադրբեջանական կողմի հետ։ Վերջին մեր հանդիպումը կայացավ 2020թ. հունվարին Ժնևում և այդ հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքներն այս շրջանում և նախանշում մեր հաջորդ քայլերը, որոնք ինչ-որ չափով վնասվեցին այս համավարակի պատճառով։ Սակայն մեր մշտական կապը համանախագահների հետ մնում է անխափան, և մյուս կողմից մենք կարողացանք անցկացնել երկու տեսակոնֆերանս և՛ համանախագահների, և՛ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որը շատ էական էր այն առումով, որ կապը պահպանվում է: Մենք մշտապես մնում ենք կապի մեջ և աշխատում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնց հիմա հնարավոր է անդրադառնալ», - նկատել է նա։