23.11.2024
Վարչապետը և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը
prev Նախորդ նորություն

Նախագահն անկեղծ չէ. Մանե Թանդիլյանը՝ գույքահարկի վերաբերյալ նախագահի պարզաբանման մասին

Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ, նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:


Նրա խոսքով, նախագահն առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը։


«Ի դեպ, նույն գործընթացը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հարկերի բարձրացում նախատեսող օրենքը նախագահը ստորագրեց նույնիսկ Շվեյցարիայից», - ասված է Թանդիլյանի գրառման մեջ։


Ինչ է ասել է նախագահը


Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանրապետությա նախագահն ուսումնասիրել է ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով նախատեսում է գույքահարկի շեմի ու դրույքաչափերի փոփոխություն:


«Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև Օրենքի վերաբերյալ հնչած` մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին:


Հանրապետության նախագահը Օրենքի շուրջ քննարկումներ է ունեցել մասնագիտական հանրության ներկայացուցիչների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:


Հանրապետության նախագահը տեղյակ է Օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով Օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու:


Ըստ տարբեր գնահատականների, համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում Օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:


Ցավոք, Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:


Համաձայն Սահմանադրության, Հանրապետության նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միևնունն է օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան:


Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ Օրենքի սահմանադրականության խնդիր չկա:


Հետևաբար, Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքը: Ստորագրելով հիշյալ Օրենքը, Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը», - ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:


Ինչ է նախատեսում օրենքը


Համաձայն օրենսդրական փոփոխությունների, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։


Նոր սանդղակով գույքահարկը վճավելու է գույքի շուկայականին մոտարկված կադաստրային գնահատման արդյունքում ձևավորված գնից՝ հստակ սահմանված շեմերով հաշվարկվող գույքահարկի դրույքաչափերի մասին է:


Այլ կերպ ասած, հարկման մասով գույքի կադաստրային գինը մոտեցված է շուկայականին (մինչ այդ կադաստրային ու շուկայական գների միջև տարբերությունը հսկայական էր), իսկ գույքային միավորի միջին շուկայական գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գտնվելու վայրից, մաշվածությունից, եթե բնակարան է ու գտնվում է շենքում, ապա հարկայնությունից և այլ գործոններից: Շուկայական գինը հաշվարկվում է ինքնաշխատ մեխազնիմով՝ կադաստրում գույքի առքուվաճառքի միջինացված արժեքով: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ գույքահարկը, ի տարբերություն շատ այլ հարկատեսակների, վճարվում է համայնքային բյուջե:


«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:


Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշում են, որ կատարված փոփոխություններով իրականում մեղմում են գույքահարկի հարկման բեռը, քանի որ գույքի հարկը չի աճում կադաստրային արժեքների աճին համահնուչ: Հակառակ պարագայում այն կլիներ շատ ավելի մեծ:


Ընդդիմախոսները նշում են, որ գույքահարկի բարձրացումը «մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էքսպրոպրիացիայի նոր «ձև» է»։ Այլ կերպ ասած, Երևանի կենտրոնում 3-4 սենայականոց բնակարաններում միայնակ ապրող և թոշակ ստացող տատիկ-պապիկները չեն կարողնալու տարեկան մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ վճարել և ստիպված են լինելու վճառել իրենց բնակարանները:


Որքան գույքահարկ է վճարվելու


Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, որը մեջբերում են նաև կառավարող ուժի պատգամավորները, 432 հազար բնակարան է հարկվելու գույքահարկի նոր սանդղակով:


«Բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ»,- նկատում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ նշված թվից շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։


«Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ և 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին», - նկատում է նա՝ ներկայացնելով իր հաշվարկները։


Կառավարության հաշվարկներով՝ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կազմելու են ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդ դիմաց: