Սահմանված տեղեր, եռօրյա ժամկետ. ինչպե՞ս է իրականացվելու շրջիկ առևտուրը Երևանում
Երևանում սահմանվել են 52 կետեր, որտեղ կթույլատրվեն շրջիկ առևտրի գործունեություն ծավալել: Շրջիկ առևտրի կետերը սահմանափակ են, բխում ե քաղաքի չափերից, որը չունի անծայրածիր հնարավորությունը: Այդ մասին այսօր ավագանու նիստում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նա նկատեց, որ շրջիկ առևտրի կետերը սահմանվել են ԱԺ-ում ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի հիման վրա, որով սահմանվել է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և ժամկետները: Օրենքը սահմանում է առևտրի իրականացման թույլտրելի վայրերը, գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։
Պաշտոնյայի խոսքով, նախագծով նախատեսվել է հետևյալ հիմնական իրավակարգավորումները․
«Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա: Շրջիկ առևտրի թույլատրելի վայրերը տրամադրվում են բացառապես Երևանի քաղաքապետարանի կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման միջոցով՝ մինչև 3 օր ժամկետով»:
«Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներ, լինեն մինչև 10 մ. երկարությամբ, 2 ու կես մ. լայնության և 3 մ. Բարձրությամբ:
Պետք է ապահովված լինեն էլեկտրոնային համակարգի ավտոնոմ համակարգով և բավարարի գործող աղմուկի թույլատրելի նորմերը պահանջներին, իսկ հանրային սննդի համար գոյացած կեղտաջրերի և ջրերի համար առնվազն 100 լիտր տարողությամբ հերմետիկ տարաներով: Չի թույլատրվում վաճառել գյուղատնտեսական ապրանքներ, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք և այլն», - ասաց նա:
Օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից, տնտեսվարողները ժամանակ են ունենալու պատրաստվելու համար: