«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ համագործակցության շուրջ «կոնստրուկտիվ քննարկումների» մասին:
«Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ քննարկումներ, քաղաքական գործընթաց է գնում, բայց դեռ չեմ կարող մանրամասնել»,- Ազգային ժողովում հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով իրենց՝ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններին։
Դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է՝ իրենք կմիանան կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, եթե հանձնաժողովը նախագահի ԼՀԿ-ական պատգամավորներից մեկը, Աբովյանն արձագանքեց՝ պայմաններով ու նախապայմաններով չեն խոսում։
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերում Մարուքյանի կարծիքին, սակայն Աբովյանի խոսքով, որևէ մանրամասներ այս պահին չեն կարող մեկնաբանել: «Քաղաքական գործընթաց է սկսվել, շատ ակտիվ, նորմալ, բարեկամական մթնոլորտում աշխատում ենք։ Ընթացքը չպետք է լարել»,- նշեց նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել է, որ չեն պատրաստվում համագործակցել որևէ ուժի հետ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրժարականի օրակարգով:
Հատկանշական է, որ Բարգավաճ Հայաստանն այժմ համագործակցում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք», «Մեկ Հայաստան» ու Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների հետ, որոնք կառավարության հրաժարականի ու վարչապետի փոփոխության հարց են բարձրացնում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս վերջերս միացավ այդ պահանջին՝ նշելով, կառավարության 100%-ով հրաժարականի անհրաժեշտության մասին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստեղծել կորոնավիրուսի կանխարգելման, հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և դիմել ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը:
Համաձայն օրենսդրության՝ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:
«Բարգավաճ Հայաստանը» 25 պատգամավոր ունի, սակայն Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ի ձայները անհրաժեշտ կլինեն՝ այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: