Միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր. նախարարը՝ հակահամաճարակային շարժման մասին
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին՝ վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող են լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
"Իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք՝ այն բարելավելու համար:
Անխտիր բոլորս պետք է.
կրենք բժշկական դիմակ ամենուր,
հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից", - ասված է նրա գրառման մեջ:
VERELQ-ը նշում է, որ հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած», - հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։