24.11.2024
Երբ է հնարավոր Հայաստանում վերացնել արտակարգ դրությունը. Փաշինյանն է պարզաբանում
prev Նախորդ նորություն

Դպրոցում աշխատելու է ոչ թե Լանզարոտի կոնվենցիան, այլ՝ ուսուցիչը, դասագիրքը. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լանզարոտի կոնվենցիային և դրա կիրառմանը վերաբերող հարցերի շուրջ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակը երկխոսությունն է կոնվենցիայի առնչությամբ հասարակության մեջ առկա մտահոգիչ հարցերի շուրջ: Եվս մեկ անգամ նշելով, որ կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, նախագահն ասել է, որ արտահայտվող մտահոգությունները հասկանալով հանդերձ, կարևոր է տարբերակել զգացմունքներն իրականությունից: Նախագահի կողմից կոնվենցիայի ստորագրումով գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ՝ սկսվել, որովհետև չափազանց կարևոր է, թե ինչպիսին են լինելու դրանից բխող և ապագայում ընդունվելիք օրենքները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Կոնվենցիային միացած պետություններից յուրաքանչյուրն ինքն է որոշելու և ընդունելու, ստեղծելու այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց արժեքներին, ըմբռնումներին, մշակույթին և ընտանիքի, ծնողի, երեխայի մասին իրենց պատկերացումներին:


Նշելով, որ կոնվենցիան պետք է դիտարկել որպես սկզբունքների հայտարարագիր՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ավելի ծավալուն և կարևոր աշխատանքը սկսվում է կոնվենցիայի վավերացումից հետո: «Կոնվենցիայի հետ կապված անհանգստությունը միայն հայկական ֆենոմեն չէ: Եվրոպական երկրներում ևս կոնվենցիայի նկատմամբ մարդիկ ունեն շատ զգույշ վերաբերմունք, և յուրաքանչյուր ընտանիք, ելնելով նաև իրենց մշակույթից և պատմությունից, շատ զգույշ է, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Բոլորս մի ընդհանուր պատկերացում ունենք, որ երեխաներին պետք է պաշտպանել, որպեսզի նրանք հոգեպես ազատ մեծանան, քանի որ այդ տարիքում ձևավորվում է անհատը: Ծնողները և հանրությունը զգայուն են հատկապես այն հարցի նկատմամբ, թե ինչ, երբ և ինչպես է պետք սովորեցնել երեխաներին»,-ասել է նախագահը։


Նախագահը նշել է, որ մեր հասարակության մեջ հաճախ երևույթներին սկզբնապես վերաբերվում և արձագանքում են շատ զգացմունքային, իսկ երբ գալիս է հիմնավոր ու կոնկրետ գործողությունների, խնդրին ավելի բովանդակային մոտենալու պահն, այն կարծես թե մոռացվում է, այսինքն՝ ողջ էներգիան սպառվում է զգացմունքային դաշտում: «Բայց այս հարցն արժանի չէ, որ մոռացվի: Սա այն հարցն է, որ եթե դուք էլ մոռանաք, միևնույն է, ես չեմ մոռանալու,-դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ասել է Արմեն Սարգսյանը։ -Մեր երեխաների դաստիարակությունը և պաշտպանվածությունն ամենաէական հարցերից մեկն է։ Կարևոր է նաև, թե ընդհանրապես ինչպես ենք կրթում կամ՝ կրթո՞ւմ ենք, թե ոչ ինչ ծրագրով ենք կրթում: Ովքեր են կրթում երեխաներին և ովքեր՝ ուսուցիչներին։ Որո՞նք են այն, այսպես ասած՝ պրոտոկոլները, ուղեցույցները, որոնցով պետք է ընթանա կրթական գործընթացը և այլն»։ Նախագահը նշել է, որ այս և նման բազմաթիվ հարցերի պատասխանները պետք է գտնվեն ինչպես հասարակական քննարկումների, այնպես էլ դրանց արդյունքում ներկայացվող հստակ առաջարկների միջոցով, որոնք կարող են օգնել, որպեսզի Լազարոտի կոնվենցիայի ստորագրումից հետո ընդունվելիք օրենքներն ու այլ իրավական փաստաթղթեր լինեն մեր պետական, ազգային շահերին ու արժեհամակարգին համապատասխան:


Նախագահն ընդգծել է, որ պետք է հստակ մեխանիզմներ ստեղծվեն, և գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև հանրության մտահոգ խմբերի ներկայացուցիչներ ու մասնագետներ:


Նախագահը հանդիպման մասնակիցներին՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, հոգեբան Կարինե Նալչաջյանին, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին, փաստաբան Արմինե Ֆանյանին, տարիքային հոգեբան Զառա Բաբայանին, մանկավարժ Մանուշակ Ստեփանյանին, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանին հորդորել է կենտրոնանալ կոնկրետ լուծումների վրա և, որպես տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, առաջարկների տեսքով ձևակերպել իրենց մտահոգությունները՝ առաջարկելով նաև նախագահի աշխատակազմի խորհրդատվական աջակցությունը:


«Մեր ձեռքերում է, թե ինչպես կվերաբերվենք Կոնվենցիային՝ որպես հայտարարությա՞ն, թե՞ որպես պարտադիր կատարման ենթակա դեկրետի»,- ասել է Հանրապետության նախագահը, վերստին շեշտելով, որ կարևորն ու էականն այն օրենքներն են, որոնք պետք է ընդունվեն որպես Կոնվենցիայի գործնական կիրառումն ապահովող փաստաթղթեր: Նախագահն ընդգծել է, որ դրանք պետք է լինեն մեր ազգային արժեքներին ու ձևաչափին համապատասխան: «Դպրոցում աշխատելու է ոչ թե Կոնվենցիան, այլ՝ ուսուցիչն, օրենքը, դասագիրքը, ծրագիրը, և, իհարկե, ծնողը»,- նշել է նախագահ Սարգսյանը:


Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունների շրջանակն, իրենց գաղափարներն ու առաջարկությունները, կարևորելով հասարակական ու մասնագիտական շրջանակների մասնակցությունը և վերահսկիչ դերը հետագա փաստաթղթերի և մեխանիզմների մշակման գործընթացում: