24.11.2024
Մշտապես աջակցում եք ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը. Միշուստինը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովն ընդունել է «հակասահմանադրական օրենքի նախագի՞ծ». քննարկում

Ազգային ժողովի հունիսի 1-ին նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքին դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը:


Արտակարգ դրության պայմաններում հանրաքվեները չեղարկելու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնության ընդունումից առաջ պատգամավորները 20 րոպե ընդմիջում վերցրեցին: Մինչ այդ սակայն վարման կարգի վերաբերյալ խոսքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը հակասահմանադրական եւ խնդրահարույց է։ Նա հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, որպեսզի իրենց ձայներով չապահովեն դրա անցնելը։


Մարուքյանը կոչ արեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը չմասնակցել քվեարկությանը։ Դրանից հետո ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից խնդրեց 20 րոպե ընդմիջում: Այնուամենայնիվ ԲՀԿ-ն մասնակցեց քվերակությունը, սակայն դեմ քվերակեց:


Քվեարկությունից հետո ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ օրենքի նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգի վերաբերյալ անդրադարձավ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծին։


Նա հայտարարեց, որ խորհրդարանը քիչ առաջ կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի։ Նա ասաց, որ Սահմանադրության մեջ կա միայն մեկ դրույթ՝ հետաձգել հանրաքվեն, սակայն չկա դրույթ այն չեղարկելու։ «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն հիմա կարող է քվեարկել եւ չեղարկել, օրինակ, հունիս ամիսը կամ Նոր տարին»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն հայտնել է հստակ դիրքորոշում եւ դեմ է քվերակել։


Նրան հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ նախագծով որեւէ նոր լիազորություն ԱԺ-ին չի տրվում։ Նա հիշեցրեց, որ ԱԺ-ն ունի լիազորություն որոշում կայացնելու եւ հենց այդ որոշումները փոփոխելու, ուժը կորցրած ճանաչելու։ «Մենք ամեն օր ընդունում ենք օրենքներ, օրենքներ ենք ընդունում փոփոխություն կատարելու մասին։ Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, մեր առաջին ընդունված «մայր օրենքները» պետք է դառնան Աստվածաշունչ, այսինքն՝ չպետք է փոփոխվեն»,- ասաց Հովակիմյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ ԱԺ-ն ունի լիազորություն օրենքները փոփոխելու։


Նախագիծը, համաձան ԱԺ-ի որոշման, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է արագացված՝ 24-ժամյա ռեժիմով:


Առաջարկվող նախագծով առաջարկվում է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:


Ըստ նախագծի՝ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:


Նախագծով նախատեսված է, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի: