Միայն կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. փոխվարչապետ
Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել տեսակապի միջոցով, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա շեշտել է, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, սակայն ստիպված է արձագանքել.
«Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը:
Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը»,- հավելել է նա: