Անընդունելի եմ համարում Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը: Այդ մասին Ազգային ժողովում մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Պատկան մարմինների տարածած հաղորդագրությունից նույնպես ակնհայտ է, որ այնտեղ շաբաթներ առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ կիրառվել է նաև զենք: Ոստիկանությունը, ըստ այդմ, կիրառել է անհրաժեշտ գործողություններ, գործին ընթացք է տրվել և ձերբակալություններ են կատարվել: Պարզապես անընդունելի է նման դեպքերին տալ քաղաքական ենթատեքստ», - ասաց Մակունցը:
Նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ ցանկացած անձնական բնույթի կամ կրիմինալ խմբերի բախումներին փորձում են տալ քաղաքական ենթատեքստ՝ միջադեպերն արդարացնելու համար: «Սա չի կարող ընունելի լինել: Եթե նման կերպ վարվեն, ապա ինչի՞ համար է իրավապահ համակարգը», - ասաց նա:
Մակունցը վստահ է՝ իրավական և քաղաքական գործընթացներն այլևս չեն կարող մեկտեղվել Հայաստանում և «բոլորը պետք է համակերպվեն այս մտքի հետ»:
Ինչ վերաբերում է իրավապահների գործողություններին, որոնք ըստ մամուլի հրապարակումների, բռնություն են կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ, ապա Մակունցի խոսքով, պետք է սպասել ծառայողական քննության ավարտին: «Ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում և պետք է սպասել դրա ավարտին», - ասաց նա:
Մայիսի 24-ի առավոտյան հայտնի դարձավ որ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Այնուհետև մամուլը հաղորդեց, որ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել:
Համաձայն ՔԿ-ի հաղորդագրության, խոսքը անձի առերևույթ առևանգման, Քաջարանի համայնքապետի մասնակցությամբ ծեծկռտուքի ու թմրանյութերի պահման մասին է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջում էին պատժել ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառած իրավապահներին: Նրանք նաև դեմ էին արտահայտվում ձերբակալվածներին Երևան տեղափոխելուն: Սակայն մայիսի 24-ի գիշերը տեղի տվեցին, ու ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը անձամբ էր ժամանել Կապանի ոստիկանության տարածք՝ ցուցարարների պահանջով: Մարզպետը զրուցել էր այնտեղ բողոք իրականացնող քաղաքացիների հետ և նշել, որ ոստիկանության գործողություններում քաղաքական ենթատեքստեր չկան, իսկ այն, որ բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են, միանշանակ է:
Ամբողջ օրվա ընթացքում այնտեղ էր նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը դատապարտել էր տեղի ունեցածը՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում:
Ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:
Իրավիճակին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որի աշխատակազմի տվյալներով այս գործով առկա է ևս մեկ անձ, որը բերման է ենթարկվել և ձերբակալվել Երևանում:
Հարցին անուղղակիորեն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն: Սա եկեք արձանագրենք»: