10.09.2026
Կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Հավատացնում եմ՝ մեծ ուրախությամբ հետևում ենք Վրաստանի բոլոր հաջողություններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։


Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Եվ այսօր էլ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ դեռևս 20-րդ դարի սկզբներին հռչակած իր այս արժեքներին և կառուցել ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։


Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։


Բարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը: Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը։


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն Ձեր պատաս¬խանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ առողջություն և տոկունություն այս բարդ ժամանակաշրջանում»։

Անընդունելի են Քաջարանում միջադեպին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը. Լիլիթ Մակունց
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ