Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս. խոսնակ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ արվել է 46 թեստ:
Նշենք, որ ըստ մամուլի՝ մանկատան 33 սանի մոտ է կորոնավիրուս հաստատվել, սակայն խոսնակը հերքեց այդ թիվը:
Սոնա Մարտիրոսյանը մանրամասնեց, որ վարակակիրներից 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Սակայն որևէ մեկը չի հոսպիտալացվել՝ նրանք ախտանշաններ չունեն.
«Երկու օր առաջ դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան անմիջապես մեկուսացրել են, ուղարկել տուն: Նրա թեստի պատասխանը դեռ չկա և չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասաց նա:
Հաստատությունում հրավիրյալ բժիշկներ ու մասնագետներ են աշխատում, թեստավորումից հետո տարածքն ամբողջությամբ ախտահանվել է: Վարակվածներն իրենց լավ են զգում, նրանք մեկուսացվել են հաստատությունում, որևէ մեկը չի հոսպիտալացվել: