23.11.2024
Խարդախություն, յուրացում, ընտանեկան բռնություն. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ օրակարգում չկա ու չի կարող լինել գազի միասնական սակագնի ձևավորման հարց. փորձագետ

ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց: Չի էլ կարող լինել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ միասնական հարկային ու ֆինանսական համակարգեր: Այդ մասին նշում է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու առաջարկը:


Այդ առաջարկն արեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնկոն՝ նշելով, որ մի քանի տարի է, ինչ համաձայնության չեն գալիս խնդրի վերաբերյալ փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Ի վերջո ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց Փաշինյանի ու Լուկաշենկոյի առաջարկը՝ նշելով, որ միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով, որի կողմերը դեռևս չեն հասել:


Վահե Դավթյանն ակնարկում է, որ վարչապետ Փաշինյանը նիստի ժամանակ այդ հարցը չէր բարձրաձայնի, եթե իր խորհրդականներն ու օգնականներն ուսումնասիրեին խնդիրը:


«Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ. ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց: Չի էլ կարող լինել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ միասնական հարկային ու ֆինանսական համակարգեր: Ավելին՝ միասնական սակագնի համար անդամ-պետությունների էներգետիկ ու, մասնավորապես, գազատրանսպորտային շուկաները չափազանց տարբեր են (մեկը գազ ներկրող է, մյուսն՝ արտահանող)», - նկատում է նա:


Փորձագետի խոսքով, ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկան ենթադրում է գազային բորսայի ստեղծում, որտեղ կիրականացվի գազի առքուվաճառք սփոթային տարբերակով: «Ներքին սակագները շարունակելու են սահմանվել անդամ-պետությունների կողմից: Նույն մոդելը գործում է ԵՄ-ում, Լատինական Ամերկայի ընդհանուր գազի շուկայում և այլուր», - ընդգծում է Դավթյանը:


Փորձագետի կարծիքով, երբ Լուկաշենկոն է խոսում միասնական սակագնի մասին, ապա միանգամայն պարզ է նրա շահը՝ ապահովել Բելորուսի համար ռուսական Սմոլենսկում գործող սակագինը (70 դոլար): Դա խոշոր հաշվով բանակցային մանևր է: «Երբ նույն բանի մասին հայտարարում եք Դուք, ապա անուղղակիորեն սպասարկում եք Մինսկի շահը, ինչը քաջ գիտակցում են նաև Մոսկվայում», - ընդգծում է նա՝ հավելելով, որ Հայաստան մատակարարվող գազի գնի հիմնախնդրի լուծումը գտնվում է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում:


Նկատենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:


Այլ կերպ ասած, հայկական կողմն առաջարկում է ՌԴ-ին սահմանին գազի ֆիքսված գնի բանաձևից անցնել շուկայական մեխանիզմների՝ վճարելով  դրա դիմաց ազգային արժույթով:


Միևնույն ժամանակ մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:


«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:


2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:


Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները: Գազի գնի հարցն այս տարվա ապրիլի սկզբին քննարկել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները:


ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի Երևանը կարողանա «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: