Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին Facebook-ի հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
«Ինձ հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանը պոպուլի՞ստ է, թե՝ ոչ: Պատասխանն անսպասելի է՝ ոչ: Հայաստանում ձևավորվել է երկու խումբ․ մարդիկ, ովքեր վաղ անցյալում ապրում էին ոչ լավ, իսկ հիմա ապրում են շատ-շատ լավ՝ ժողովրդի հաշվին: Եվ խումբ երկու՝ ժողովուրդն է, որն անցալում ապրում էր ոչ լավ կամ վատ, բայց հիմա ապրում է շատ-շատ վատ և ամեն շաբաթ ապրելու է շատ վատ»,- ասել է նա, նշելով, որ հերթական իր եթերը նվիրված է լինելու առաջին խմբի անձանց, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը և քիչ քանակի այն մտերիմները, որոնք օգտվում են իշխանությունից ու ապրում ժողովրդի հաշվին։
«Այդ մարդիկ պոպուլիստներ չեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը: Եվ Փաշինյանն էլ պոպուլիստ չէ, որովհետև խախտել է պոպուլիզմի չգրված օրենքները: Օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համարվում էր պոպուլիստ, բայց գալով իշխանության նա ասաց, որ խզում է բոլոր կապերը նախկին իշխանության հետ, չապրեց պետական ամառանոցում, չօգտվեց բազմաթիվ առավելություններից, և ամենակարևորը՝ Սաակաշվիլին, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությունից հետո չնմանվեց այն իշխանությանը, որի դեմ հեղափոխություն էր արել: Իսկ Փաշինյանը ոչ միայն օգտվեց այդ փաթեթից, այլև չսպասեց էլ, որ իր քաղաքական հակառակորդ Սերժ Սարգսյանը լքի պետական ամառանոցները, չտեսի պես մտավ, այսպես կոչված, դաչաները: Իսկ երբ Սերժ Սարգսյանը վերջապես լքեց այն, Նիկոլ Փաշինյանն արեց պոպուլիստական քայլ. ծախսեց 2 մլն դոլար և վերանորոգեց մի առանձնատուն, որը կարիք չուներ միլիոնավոր դոլարների վերանորոգման»,-ասել է նա:
Միքայել Մինասյանը նշել է, որ Փաշինյանն ունեցել է երեք երազանք և վաղեմի երազանքներից մեկն էլ այն էր, որ ապրի Գագիկ Ծառուկյանից լավ: Եվ հիմա, ըստ նախկին դեսպանի, Փաշինյանը, ով հասկանում է, որ իր իշխանությանը մնացել է շատ քիչ ժամանակ, փորձում է այնպիսի կարողություն դիզել, որն իրեն թույլ կտա իշխանությունը կորցնելուց հետո պահպանել իր կյանքի բարձր որակը: Բացի այս, նա, ըստ Մինասյանի, ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզիական համակարգի մեջ, որն ուղղակի հարվածում է ՀՀ-ի հեղինակությանը:
«Ես խոսում եմ հայտնի ծխախոտով լի ինքնաթիռի մասին, որը ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ պատմությունը ծածկադմփոց անեն: Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ: Նիկոլ Փաշինյանն, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է ծխախոտը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու: Այս փաստերն ունեն ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ՀՀ հատուկ ծառայությունները 20-25 օր է զբաղված են հետքերի ոչնչացմամբ:
Հետևաբար Սիփանը, երբ դա կազմակերպում է, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է, որ որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի մաքսային դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշան» մականունով: Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա դիմում է Աննային, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան: Իսկ որտեղի՞ց են իմանում ռուսները․ ռուսներն իմանում են ՀՀ-ի ԱԱԾ-ից, որովհետև կոլեգաների միջև կա պայմանավորվածություն օպերատիվ տվյալների փոխանակման մասին: Հայերն իմանում են, հայտնում են կոլեգաներին և դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մի իրավիճակում, որից հետո սկսվում է ջարդ Ազգային անվտանգության ծառայությունում», -ներկայացրել է Մինասյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շատ չի մնացել: