24.11.2024
Եվրոպական երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.9%-ով, ԱՄՆ-ից՝ աճել

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների, այլ կերպ ասած տրանսֆերտների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին ասված է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծության մեջ, որը համեմատական է անցկացնում 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակներում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումների մեջ:


«Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 9.68%-ով` կազմելով 353.56 մլն ԱՄՆ դոլար: 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.98%-ով` կազմելով 164.37 մլն ԱՄՆ դոլար, ինչը հիմնականում բացատրվում է մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ստացվող դրամական փոխանցումների ծավալների 28.15% կրճատմամբ: Դիտարկվող ժամանակահատվածում կրճատվել են նաև այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումները` 8.80%, մինչդեռ ԱՄՆ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը 9.66% աճ է գրանցել:


Հարկ է նշել, որ 2020թ.-ի առաջին եռամսյակի դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումներին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46.49%-ը, ծավալի կրճատումը հիմնականում պայմանավորված է ՌԴ տնտեսությունում գրանցված զարգացումներով (նավթի գների անկում և դրա հետևանքով ՌԴ ռուբլու արժեզրկում), քանի որ արտագնա աշխատանքի չմեկնելու հետ կապված դրամական փոխանցումների կրճատումը հիմնականում կարտացոլվի 2-4 եռամսյակների տվյալներում», - ասված է վերլուծության մեջ:


Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կրճատվել է 7.13%-ով` կազմելով 266.18 մլն ԱՄՆ դոլար: «Հետաքրքրական է նկատել, որ արտահոսքի դեպքում 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ 26.86%-ով ավելացել է արտահոսքը դեպի այլ երկրներ` հիմնականում պայմանավորված է 2020թ.-ի հունվար-փետրվար ամիսներին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ արտահոսքի ծավալների 52.06% աճով: Սա կարելի է բացատրել մի քանի հանգամանքով` ֆիզիկական անձանց կողմից արտերկրից պատվիրվող ապրանքների ծավալների աճով (տեխնիկա, հագուստ, կոսմետիկա և այլն), ինչպես նաև գույքի վաճառքից ստացված գումարների ծավալների աճով, որոնք փոխանցվել են այլ երկրներ և այլն: 2020թ.-ի մարտ ամսին 2019թ.-ի նույն ամսի համեմատ արտահոսքի ծավալները դեպի ԱՄՆ և այլ երկրներ անկում են գրանցել, մինչդեռ դեպի ՌԴ դրամական փոխանցումներն աճել են 32.06%-ով` կազմելով 36.04 մլն ԱՄՆ դոլար:


2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված և արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատումը հանգեցրել է զուտ ներհոսքի ծավալների շուրջ 17% կրճատմանը` կազմելով 87.38 մլն ԱՄՆ դոլար:


Այսպիսով`դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է ինչպես ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացված, այնպես էլ արտերկիր կատարած դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Ինչ վերաբերում է 2020թ.-ի տարեկան ցուցանիշներին, ապա ներհոսքի ծավաների կրճատումը պայմանավորված է լինելու համաշխարհային ճգնաժամով և ուղևորափոխադրումների հետ կապված սահմանափակումների վերացման ժամկետներով, իսկ արտահոսքի դեպքում` ՀՀ տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատմամբ և մեքենաների ներմուծման բումի ավարտով», - ասված է վերլուծության մեջ: