23.11.2024
Ակտիվորեն մասնակցեք ճանապարհների վերականգնմանը. նախարարությունը՝ ընկերություններին
prev Նախորդ նորություն

ՊՎԾ-ից ԱԱԾ՝ ՔԿ-ում կանգառով. Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը, որը մայիսի 4-ին ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվեց Քննչական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում, կրկին նոր պաշտոնի է նշանակվել:


Ինչպես տեղեկանում ենք e-gov.am-ից, վարչապետի որոշմամբ Քյարամյանը մայիսի 5-ին ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից: Նույն օրը նախագահի հրամանագրով նա նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:


Դեռ երեկ՝ մայիսի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Համապատասխան որոշումը հրապարակվել էր մայիսի 4-ին: Ի դեպ Քարամյանը նշանակվել էր ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնում, որը ստեղծվել է ապրիլի 30-ին՝ հվանաբար հատուկ իր համար այս «տրանսֆերի» համար:


Կուտոյանի նշանակման սխեմայով


Արգիշտի Քյարամյանի` 24 ժամվա ընթացքում երկու պաշտոն փոխելով ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելը նման է Գերգի Կուտոյանի՝ ԱԱԾ պետի պաշտոնին նշանակվելու սցենարին: Նախագահի աշխատակազմում աշխատող Կուտոյանը 2016 թվականի փետրվարի 3-ին նախ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ, իսկ չանցած տաս օր՝ փետրվարի 12-ին, ազատվեց այդ պաշտոնից ու նույն օրը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:


Այն ժամանակ Կուտոյանի՝ նման սխեմայով ԱԱԾ տնօրեն նշանակելը ոչ պաշտոնապես հիմնավորվեց՝ գնդապետի կոչում ստանալու հանգամանքով, որն օրենքի պահանջ է: Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի, ԱԱԾ տնօրենի պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:


Գրեթե նույն պահանջն է գործում ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու դեպքում:


Համաձայն օրենքի, ծառայության ղեկավարի «տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:


Ո՞վ է Արգիշտի Քյարամյանը


Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այցյալ տարի ապրիլին հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում՝ հատկապես հայտարարագրած «աչք ծակող» դրամական միջոցների պատճառով։ Քյարամյանը մասնավորապես հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար:


Այնուհետև նա պարզաբանեց, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին, բազմաթիվ հարցեր՝ կապված ունեցվածքի ծագման հետ, մնում են չպարզաբանված։


«Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ», - հայտարարել էր Քյարամյանը:


Ըստ Քյարամյանի՝ նա դատախազությունում ծառայության է անցել 2016թ. հունիսին, իսկ 2017թ. ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում շարժական ու անշարժ գույք եւ դրամական միջոցներ:


Արգիշտի Քյարամյանն մինչ այդ աշխատել է Ոստիկանությունում ու Քննչաական կոմիտեում: