Կառավարությունը ոչ միայն ցանկանում է մեծացնել բյուջեի պակասուրդի թույլատրելի սահմանաչափը, այլև ցանականում է մինչև տարեվերջ ունենալ անսահմանափակ հնարավորություն բյուջետային ֆինանսական հոսքերի վերաբաշխման հարցում՝ առանց ԱԺ-ի թույլտվության:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստում 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Արադի Խաչատրյանը, հղում անելով օրենսդրությանը, նշեց, որ Սահմանադրությամբ պետական բյուջեի սահմանման հաստատման լիազորությունը տրված է Ազգային ժողովին:
«Օրենքով կառավարությանը տրված է հատկացումների մինչև 3 տոկոսի չափով իրականացնել ծախսերի վերաբաշխում՝ միջացառումների և ծրագրերի միջև: Դա կազմում է շուրջ 55 մլրդ դրամի սահմանաչափ: Ինչպես նաև կառավարությանը լիազորություն է տրված ծախսերի մինչև 5 տոկոսի չափով՝ շուրջ 90 մլրդ դրամի չափով, իրականացնել չկանխատեսված ծախսեր», - ասաց նա՝ նշելով, որ այս նախագածով կառավարությանը տրվում է անսահմանափակ հնարավորություն՝ գերազանցել այդ սահմանաչափը, ինչը տեսականորեն նշանակում է ամբողջ պետական բյուջեով նախատեսված ծախսերի վերաբաշխման հնարավորություն:
«Գործնականում, իհարկե, դա վերաբերում է ծախսերի մոտ 30 տոկոսին, որովհետև 70 տոկոսը օրենքով պարտադրված կամ սահմանված ծախսեր են: Արդյո՞ք 30 տոկոս վերաբաշխման ազատությունը թույլատրելի սահամանչափ է: Սա ուղղակի կառավարությանը տրվող հակաճգնաժամային լիազորություն չէ, սա Ազգային ժողովին տրվող լիազորության և իր կողմից սահմանված բյուջեն սեփական հայեցողությամբ վերանայելու լիազորություն է, ինչն իմ կարծիքով, անթույլատրելի է: Եվ ես կոչ եմ անում իշխանական մեր գործընկերներին թույլ չտալ այս ձևակերպումը և հստակ սահմանել սահմանաչափ այն չափով, որը կհիմնավորվի այստեղ՝ որպես հակաճգնաժամային անհրաժեշտ միջոցառում»,- ասաց նա:
Նրա քննադատությանն արձագանքեց կառավարող «Իմ քայլը» խմբակցությունից իր գործընկեր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսքը ճգնաժամային կառավարման մասին է:
Գործընկերները վկայակոչում են ծրագրային բյուջետավորման պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ծախս պետք է լինի կոնկրետ ծրագրի տակ ու ունենա իր նպատակը, նշեց Թունյանը՝ հավելելով, որ այդ թեզը կաշխատեր սորովական պայմաններում:
«Եթե սովորական պայմաններում լինեինք, իհարկե ճիշտ էր սա, բայց մենք ճգնաժամային իրավիճակում ենք, որտեղ ֆորսմաժորային պայմաններից ելնելով շատ անգամ որոշումների կայացումը արագ պետք է կատարվի ու հնարավոր չէ ամեն ինչ ի սկզբանե կանխատեսել»,- ասաց քաղաքական մեծամասնության պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տնտեսական ճգնաժամ է:
«Ունենք ճգնաժամային իրավիճակ, և այդ իրավիճակում բնականաբար բիզնեսները չեն աշխատում, եկամուտները քչանում են, և քիչ հարկեր են հավաքագրվում, բայց մյուս կողմից պետությունն ունի ծախսեր, որոնք պետք է կատարվեն` աշխատավարձեր, թոշակներ պետք է բաժանվեն, կապիտալ շինարարություն պետք է արվի, ռազմական ծախսեր պետք է արվեն», - ասաց նա:
Պատգամավորը նկատցե, որ կառավարությունը ծախսերը չի կրճատում, բայց ավելի քիչ հարկ է հավաքելու, ու առաջանում է ճեղքվածք, որը նախատեսված էր, որ պետք է լինի 160 միլիարդ դրամ, սակայն կրկնապատկվում է: «Դասական տնտեսագիտական քայլ ենք անում ճգնաժամային իրավիճակում` ավելի շատ փող ծախսում ենք, քան հավաքում, սրա մասին է այսօրվա նախագիծը»,- ասաց Թունյանը: