Ազգային ժողովի տնտեսական բլոկի պատգամավորները տարբեր կերպ են մեկնաբանում կառավարության՝ «կորոնաճգնաժամի» տնտեսական հետևանքների վերացման միջոցառումների ծրագիրը: Ընդդիմադիր պատգամավորները կոչ են անում վերանայել ծրագիրը՝ այն համարելով ոչ արդյունավետ ու խնդիրներին արձագանքելու տեսանկյունից ոչ օպերատիվ:
Իշխանական թևը չի կիսում նրանց մոտեցումները՝ նշելով, որ միջոցառումներն ավելանալու են ու Հայաստանում ոչ մի մարդ հացի խնդիր չի ունենալու:
Անհապաղ և անհատույց աջակցություն
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ճգնաժամի ընթացքում կառավարության՝ տնտեսություն ներարկած գումարը համարեց չնչին:
«Մեկ ու կես ամսվա արտակարգ դրության պայմաններում կառավարության կողմից տնտեսություն ներարկել ընդամենը 48 մլրդ դրամ, դա չնչին մեծություն է: Եվ ակնկալել, որ սրանից մեծ հակաճգնաժամային արդյունքներ կարող ենք ունենալ, տեղին չի լինի», - ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվել է 150 մլրդ դրամ ընդհանուր սոցիալ-տնտեսական աջակցություն, սակայն միչ օրս հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում մարդկանց հասանելի է ընդամենը 48 մլրդ դրամ գումար:
«Սա ՀՆԱ-ի նույնիսկ մեկ տոկոսը չի կազմում»,- գնահատեց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ մեկ ու կես ամիս մարդիկ չեն աշխատում, բիզնեսը կանգնած է, ուստի ներարկումներ պետք է արվեն տնտեսություն: «Պետք է ներարկվի այնքան, ինչքան ի վիճակի է կլանել տնտեսությունը, կառավարությունը ճիշտ է ասում: Բայց արդյո՞ք դուք կարծում եք, որ 48 մլրդ դրամն է այն թիվը, որը մեր տնտեսությունը կարող է կլանել»,- հարց բարձրացրեց նա:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է վերանայել աջակցության ծրագրերը, իսկ վարկային ծրագրերը պետք է վերածել անհատույց աջակցության ծրագրերի: «Գյուղացին ու բիզնեսը անհատույս աջակցության կարիք ունեն, ոչ թե վարկերի: Վարկերը վերցվում են ռիսկերի գնահատմամբ ու զարգացման համար, իսկ այժմ մարդիկ պետք է գոյատևեն: Սա այլ վիճակ է: Ռիսկերն այժմ դժվար է գնահատել: Այժմ պետք են անհապաղ ու անհատույց ներարկումներ դեպի տնտեսություն», - ասաց նա՝ փաստացի աջակցելով իր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ շուրջ 500 հազար ընտանիքի 100 հազարական դրամ անհատույց բաժանելու գաղափարը:
Մարուքյանը կարծում է, որ այդ գումարը կա՝ նշելով, որ գանձապետական հաշվին այժմ առկա է ավելի քան 300 մլրդ դրամ ազատ դրամական միջոց:
Աջակցություն կլինի, բայց 300 մլրդ դրամ ազատ փող չկա
Կառավարող «Իմ քայլը» խմբակցությունում համամիտ չեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ 300 մլրդ դրամ ազատ միջոցների մասին թեզին՝ նշելով, որ այն շատ «պոպուլիստական է ու չի համապատասխանում իրականությանը»:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ Հայաստանում 300 միլիարդ ազատ փող չկա: «Եթե խոսքը միասնական գանձապետական հաշվի մասին է, ապա էնտեղ մնացորդը մի քանի անգամ պակաս է և հստակ ծրագրային նպատակ ունի, ազատ փող չի, որ ինչպես ուզենանք ծախսենք: Այսինքն ինչ, որևէ մեկին թվում է, որ էնտեղ սունդուկով փողերը դրված են կամ որևէ հաշվի վրա ու մեզ կրակն ենք գցել լրացուցիչ փողի աղբյուր ենք ման գալիս»,- չհամաձայնեց Մարուքյանի հետ պատգամավորը:
Միևնուն ժամանակ նա վստահեցրեց, որ Հայաստանում որևէ քաղաքացի հացի խնդիր չի ունենալու, և կառավարության աջակցության ծրագրերն ավելանալու են:
Թունյանի խոսքով` այն երկրներում, որտեղ քաղաքացիներին համատարած գումար են բաժանում, դրա արդյունավետությունը հետո է երևալու, քանի որ գումարն նոր են բաժանում, և բացի դա` այն միակ գործիքը չէ, որ կիրառվում է: «Հարգելի քաղաքացիներ, ինչքան ձեզ պետք է, փողը բաժանվելու է, Հայաստանում ոչ մի մարդ հացի խնդիր չի ունենալու, եղած միջոցառումներն ավելանալու են, այդ թվում շատ ավելի համապարփակ միջոցառումներ, քան պատկերացնում եք»,- եզրափակեց նա: