24.11.2024
Արցախում նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել. նա տեղափոխվել է ՀՀ
prev Նախորդ նորություն

«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի. դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։


«Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։


Միևնույն ժամանակ դեսպանությունը քաղաքացիներին տեղեկացրել է հնարավոր չվերթի սպասողների համար համապատասխան կարգով ցուցակագրում անցնելու անհրաժեշտության մասին` խնդրելով հարգել դեսպանությունում արդեն իսկ ցուցակագրված այն քաղաքացիներին, ովքեր, դրսևորելով համբերատարություն, սպասում են հնարավոր առաջիկա չվերթով Հայաստան վերադառնալու իրենց հերթին։


Տեղեկացնում ենք նաև, որ որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։


Ընդգծենք, որ Մոսկվայից դեպի Երևան հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,-ասված  է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը կոչ էր արել ՀՀ քաղաքացիներիին լքել օդանավակայանի տարածքը, քանի որ նրանց օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել՝ խախտելով Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։