Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում վիճահարույց է։ Այս խնդիրն արտացոլված է Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հարցն այն է, որ գործող օրենքով՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն 1 անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Օրենքը հնարավորություն է ընդձեռում, որ կենսաթոշակը նաեւ վճարվում է կենսաթոշակառուի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, սակայն կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի ժամանակահատվածում։
Մինչդեռ, օրենքը չի նախատեսում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանին տարեցտարի հասցեագրվող դիմում-բողոքների աճը վկայում է, որ խնդիրն արդիական է։ Օրինակ, դիմումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ 10 տարուց ավելի երկարատեւ բուժման հիմքով Հայաստան չի վերադարձել, ինչը մեխանիկորեն հանգեցրել է կենսաթոշակի վճարման դադարեցման:
Պաշտպանի աշխատակազմի հարցումը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ցույց է տալիս, որ 2019 թվականին սահմանված ժամկետում հայտարարությունը չստորագրելու հիմքով դադարեցվել է թվով 40314 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարում, որից 5200 անձանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը չի վերսկսվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում թեմայի վերաբերյալ իրականացվել է միջազգային փորձի եւ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն։
Այսպիսով, Պաշտպանի դիրքորոշմամբ՝ կենսաթոշակի նշանակման պահից կենսաթոշակառուին տրամադրման ենթակա գումարները հանդիսանում են իր սեփականությունը, հետեւաբար, վերջինս ունի այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու եւ տնօրինելու իրավունք: Իսկ տարեկան առնվազն 1 անգամ բանկ չներկայանալու փաստը չի ենթադրում, որ կենսաթոշակառուն սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որեւէ գործողություն է կատարել:
Պաշտպանն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ, որով կամրագրվի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հնարավորությունը: