Կարգավորման գործընթացի հետագա ընթացքը կախված չէ Արցախում տեղի ունեցած ընտրություններից
Կարգավորման գործընթացի հետագա ընթացքը կախված չէ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն) մարտի 31-ի տեղի ունեցած ընտրություններից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որում ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ:
«Ելնում ենք նրանից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով և զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը (խնդիրների ամբողջ շրջանակով): Մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման հետագա ընթացքը որևէ կերպ կախված է նշված իրադարձությունից», - ընդգծել է Զախարովան:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել հավաքել 50 տոկոս ձայն։