Սերժ Սարգսյանի պայմանը բավարարվել է. նա կմասնակցի Ապրիլյանի հանձնաժողովի նիստին
Սերժ Սարգսյանի գրասենյակը ստացել է 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի պատասխանը գրասենյակի՝ ս.թ. ապրիլի 8-ի գրությանը:
Ակնկալվում էր այդ գրությամբ հստակ արտահայտել հանձնաժողովի դիրքորոշումը Սերժ Սարգսյանի հարցադրման կապակցությամբ՝ նկատի առնելով, որ հանձնաժողովի նախորդ գրության մեջ «տեսաձայնագրության տրամադրումը կարող է բավարարվել միայն պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի պահանջներին համապատասխան և սահմանված ընթացակարգերի պահպանման արդյունքում» ձևակերպումը բացարձակապես պարզորոշ չէր պատասխանում հարցադրմանը, որ արվել էր վերջին պատասխանում:
Սերժ Սարգսյանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ ասված է՝ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:
Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ս.թ. ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված՝ գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը: