Կառավարությունը հնարավոր է վճարի Հայաստանում կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը
Չի բացառվում, որ Հայաստանում կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու մասին քննարկումներ տեղի ունենան: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, հնարավոր է, որ կառավարությունն անդրադառնա այդ հարցին, բայց միանշանակ է, որ պետք է աշխատեն թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով.
«Մենք գալիս ենք պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է: Հնարավոր է, որ կոմունալ ծախսերի վճարումների դինամիկան տեղեկատվություն դառնա կառավարության համար՝ շահառու խումբ որոշելու առումով», - նշեց Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ այդ միջոցառումները միտված են լինելու կարիքավոր խումբ բացահայտելուն և նրանց օժանդակելուն։
VERELQ-ը հիշեցնում է, որ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել վճարել քաղաքացիների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը: Խոսքը, մասնավորապես, այն քաղաքացիների մասին է, ովքեր ամսական կօգտագործեն 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ բնական գազ: