23.11.2024
Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող վիրահատվել է Covid 19 ունեցող 4-ամյա փոքրիկը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են

Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը, Լոս Անջելոսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները եւ Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները:


Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս եւ գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջեւ:


Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաեւ հետեւելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու եւ կյանքեր փրկելու համար:


Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին եւ շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաեւ արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական եւ մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:


Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին եւ Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ճշմարտությունը եւ արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաեւ իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ եւ դժվար ժամանակներում:


Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա:


Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ եւ ապահով: