23.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բոլոր շահառուներին արագ տրամադրել ֆինանսական օժանդակությունը
prev Նախորդ նորություն

Նոր կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել. Ավինյան

Անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների մարտի 25-ից կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ նոր կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի: Այս մասն Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում:


Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:


Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ:


Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի:


Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:


Այսպիսով, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ եմ անում գալիք շաբաթ լինել առավել կարգապահ և, այդպիսով, ձեր դերը ունենալ վարակի տարածումը կանխարգելելու կարևոր գործում»,- գրել է Տիգրան Ավինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակման 822 դեպք: