24.11.2024
Հայ հաքերները ադրբեջանական 21 կայք են կոտրել ու քառօրյայի մասին տեսանյութեր տեղադրել
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել:


Ի պատասխան հայ լրագրողների հարցին՝ մարտի 30-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի մարզի գնդակոծության մասին, Մարիա Զախարովան ապրիլի 2-ին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.


«Ըստ ստացած տեղեկությունների՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Ընդ որում՝ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները, ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, զերծ մնալ ուժի օգտագործումից, եւ հենց օբյեկտիվ պայմաններ առաջանան կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:


Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:


Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին պատշգամբում էր:


Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: