Հայաստանը կորցրել է 175 հազար զբոսաշրջիկ և 135 մլն դոլար. զբոսաշրջության կորուստները
Նախորդ տարվա առաջին եռամսկայի համեմատությամբ այս տարվա առաջին երեք ամիսներին 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան: Այս մասին կառավարության մամուլի սրահում մարտի 30-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Զբոսաշրջության ոլորտը նրա խոսքով մեծ կորուստներ կարձանագրի այս տարի: «Առաջին եռամսյակում արդեն իսկ զգացվում էր զբոսաշրջային այցերի նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատված հետ համեմատ 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել Հայաստան», - ասաց Սաֆարյանը՝ նկատելով, որ սա բավականին զգալի կորուստ է զբոսաշրջային ինդուստրիայի համար:
«Սա այն պարագայում, երբ առաջին եռամսյակը զբոսաշրջային ակտիվ ժամանակաշրջան չէր և այդ ժամանակ դեռևս կային բաց սահմաններ ու ճանապարհորդելու հնարավորություն: Երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ փակ են սահմանները, թռիչքները դադարեցված են, հետևաբար զբոսաշրջային այցելություններ գերթե չեն լինելու: Իսկ դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որ պետությունն ունենում էր զբոսաշրջությունից, չեն լինելու: Հետևաբար այդ արդյունքներից չի օգտվելու նաև իր արժեշղթան», - ասաց նա:
Դժվարանալով ասել, թե թվային առումով հստակ ինչ կորուստներ է կրելու Հայաստանի զբոսաշրջությունն այս տարի, Սուսաննա Սաֆարյանը պարզ հաշվարկ արդեց. «Առաջին եռամսյակի համար դա կլինի մոտավորապես 175 հազար անգամ 770 ԱՄՆ դոլար, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է Հայաստանում», - ասաց նա:
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ներկայացրած հաշվարկի համարձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կորուստները կկազմեն շուրջ 135 մլն դոլար: