Կորոնավիրուսից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. նախարար
Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսային հիվանդությունից երկու մահվան մասին:
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց... Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- հավելել է նա։
VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 19:30-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածներից ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ:
Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։
Մարտի 28-ի երեկոյան դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 407, որից 30-ը՝ առողջացած: Գրանցվել է երեք մահվան դեպք:
Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: