Կորոնավիրուսով վարակվածների մեջ 11 թոքաբորբի դեպք ունենք. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ նախարարի, նրանցից 3–ին էր անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա եւ նրանք գտնվում են այդ բաժանմունքում: «Որեւէ մեկի կյանքին բարեբախտաբար վտանք չի սպառոնում», - ասաց Թորոսյանը։
«Ռեանիմատոլոգները շարունակում են հսկողություն իրականացնել 24-ժամյա ռեժիմով ինտենսիվ թերապիայի պացիենտների նկատմամբ, իսկ մյուս բժիշկները արդեն սովորական պացիենտների՝ որևէ ծանր խնդիր չունեցող պացիենտների նկատմամբ», - ասաց նախարարը:
Կորոնավիրուսի վարակով հաստատված դեպքերի աճով պայմանավորված, Թորոսյանի խոսքով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չի այլևս, որտեղ որ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա:
«Մենք ունենք արդեն ծավալված շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2-ում մարզային կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ: Այլ հիվանդանոցներ գնում են գրեթե ասիմպտոմ դեպքերը, պացիենտները, երբ որ որևէ սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում», - ասաց նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մարտի 20-ի դրությամբ առկա է նոր տիպի կորոնավիրուսի հաստատված 136 պացիենտ, որից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: