24.11.2024
Սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն կողմ է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու խստացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով հարցի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին:


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն օրենսդրական փաթեթը ներկայացրել է առաջին ընթերցման ընթացակարգով: Նա փաթեթի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:


Նախատեսված լրացմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:


ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ինչն է խուճապ առաջացնում: Նա ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ արտակարգ դրության ժամանակ գրաքննություն չկա: Էդմոն Մարուքյանը բարձրացրել է վարկառուների հարցը, ովքեր հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում: Նա նշել է, որ օրինագիծն իրավական կարգավորումների կարիք ունի, ուստի խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ:


Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ շեշտել, որ րոպե առ րոպե իրավիճակից ելնելով պահանջները փոխվում են:


Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 102 պատգամավոր: Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին: