Վրաստանի բոլոր պետական կառույցներն անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով: Օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հատուկ հրամանագիր է ստորագրել:
Խորհրդարանի այն պատգամավորներին և աշխատակիցներին, որոնք վերջին 7 օրում եղել են կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՀԿ կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված երկրներում, Վրաստան ժամանելու օրվանից հաշված 2 շաբաթ չպետք է այցելեն խորհրդարան: Դա վերաբերում է նաև նրանց հետ շփում ունեցած անձանց, գրում է «Sputnik Գրուզիան»:
Խորհրդարանում նաև չեղարկվել են կողմնակի անձանց մասնակցությամբ բոլոր զանգվածային միջոցառումները, գրում է Պանարմենիանը:
Կառավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ բոլոր նրանք, ում ներկայությունը պարտադիր չէ աշխատավայրում, պետք է, հնարավորության դեպքում, տնից աշխատեն:
Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել 24 մարդ, այդ թվում 12 տարեկան երեխա: Կարանտինում 295 մարդ կա, իսկ հիվանդանոցներում՝ 49: Երկրում հետաձգվել է գարնանային զորակոչը: Մինչև ապրիլի 1-ը փակ են դպրոցները, մանկապարտեզները, թատրոններն ու թանգարանները: