19.10.2026
Լուսանկարը` kommersant.ru
prev Նախորդ նորություն

Պեսկովն ու Ռուբիոն հայտնում են՝ Թրամփը, Պուտինն ու Սին կարող են հանդիպել Շենժենում

Լուսանկարը` Andrew Harnik / Getty Images
Լուսանկարը` Andrew Harnik / Getty Images

Գլոբալ աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին Սպիտակ տունն ու Կրեմլը լրջորեն դիտարկում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների մասնակցությամբ աննախադեպ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը։


Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի պատմական հանդիպումը կարող է կայանալ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջիկա ֆորումի շրջանակներում, որը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 18-19-ը չինական Շենժեն քաղաքում։


Բարձր մակարդակով հնարավոր բանակցությունների դիվանագիտական նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, թեև վերջնական ձևաչափը դեռևս հաստատված չէ։ Ուզբեկստանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Reuters գործակալության լրագրողների հետ զրույցում հաստատել է այս հարցի շուրջ խորհրդակցությունների փաստը՝ հնարավոր հանդիպումը կապելով Վաշինգտոնի արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթության հետ։


«Հանդիպումը քննարկվել է։ Ես չգիտեմ՝ արդյոք վերջնական որոշում կայացվել է, բայց նախագահը հստակ հասկացնել է տվել, որ կցանկանար, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն ավարտվի»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։


Մոսկվայում ևս դրական են գնահատում նման երկխոսության հեռանկարները։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան, Պեկինն ու Վաշինգտոնը գիտակցում են եռակողմ ձևաչափի կարևորությունը։


Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն արդեն արծարծել են ՉԺՀ նախագահի հետ համատեղ բանակցությունների գաղափարը, սակայն հաստատուն պայմանավորվածություններ և հստակ օրակարգ դեռևս չկան: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես մատնանշել էր ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Չինաստանում ամերիկյան ղեկավարության հետ շփումների հարցում՝ նշելով Թրամփի բաց լինելը Մոսկվայից տեղեկատվություն ստանալու համար:


Հավանական գագաթնաժողովի առանցքային թեման, ակնհայտորեն, կդառնա ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է նոր նախաձեռնություններ քննարկելու պատրաստակամության մասին։ Բարձրաձայնելով Մոսկվայի դիրքորոշումը՝ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին հստակ ուրվագծել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։


«Եթե նրանք համաձայնեն այն պայմաններին, որոնք ընդունելի են նաև Ռուսաստանի համար, ապա ավելի լավ է, հավանաբար, դադարեցնել այս ծանր իրադարձությունները։ Խուսափել լրացուցիչ կորուստներից երկու կողմերում։ Եվ գալ այն համաձայնություններին նաև հումանիտար ոլորտում, որոնք վերաբերում են ինչպես ռուսաց լեզվին, այնպես էլ այլ հարցերի»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ հասկացնելով, որ Մոսկվան տրամադրված է երկարաժամկետ լուծումներ գտնելուն։

Լուսանկարը` FIRAS ABDULLAH / POOL / EPA / ТАСС
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Yerevan today
19.10.2026
Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք