Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայ-վրացական հարաբերությունները պետք է փոխադարձ բարեկամության մասին հայտարարություններից՝քաղաքական մեսիջներից, տեղափոխվեն պրակտիկ՝ռեալ պոլիտիկի դաշտ և սկսեն հենվել տարածաշրջանում ստեղծված գեոպոլիտիկ իրողությունների վրա:
ՀՀ-Վրաստան հարաբերություններում անկյունաքարային պետք է լինի երեք հարց, որոնք բխում են Երևանի ու Թբիլիսիի տնտեսական, քաղաքական և անվտանգային շահերից:
Առաջինը՝հայ-վրացական տնտեսական հարաբերություններում պետք է կյանքի կոչվեն նոր տնտեսական նախագծեր՝համատեղ ձեռնարկությունների, փոխադարձ ներդրումների, էներգետիկ-տրանսպորտային միջանցքների տեսքով, ինչն որոշակի առումով կբալանսավորի թուրք-ադրբեջանական տանդեմի խոշոր ներդրումներն ու ազդեցությունը վրացական տնտեսության վրա:
Դա կարևոր է ՀՀ-ի համար՝թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու առումով, ինչպես նաև Թբիլիսիի՝Անկարայից և Բաքվից տնտեսական, հատկապես էներգետիկ կախվածության բալանսավորման ու այդ տանդեմից միակողմանի մեծ կախվածությունը նվազեցնելու առումով:
Երկրորդը՝ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունի Վրաստանում հայկական համայնքի պահպանումը՝ՀՀ-ի սահմանների երկայնքով, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ պատմականորեն հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային դիրքերն ու ներուժը միշտ մեծ են եղել: Երևանի համար կարևոր է Ջավախքում, Քվեմո-Քարթլիում առկա հայկական համայնքների պահպանումն ու արտագաղթի դադարեցումը, ինչն ուղիղ սպառնալիք է ՀՀ-ին, որը կարող է իր հյուսիսային՝հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով ունենալ մահմեդական-թյուրքական միջանցք, որը սկիզբ կառնի Աջարիայից և կավարտվի վրաց-ադրբեջանական սահմանին:
Վրաստանում հայկական գործոնի թուլացումը հանգեցնելու է թուրքական, ադրբեջանական գործոնի ազդեցության մեծացմանը, ինչն ուղիղ սպառնալիք է նաև Վրաստանի համար, որն իր հարավային սահմաններին կունենա «մինի Թուրքիա»՝ի դեմս մահմեդական Աջարիայի, որտեղ մեծ է թուրքական կապիտալն ու ազդեցությունը, Ջավախքի՝թուրք-մեսխեթցիների հնարավոր վերադարձի և հայերի շարունակվող արտագաղթի դեպքում, ինչպես նաև հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի՝այնտեղ մեծ է Բաքվի տնտեսական, կրոնական, քաղաքական ազդեցությունը:
Երրորդը՝Վրաստանն երբեք չպետք է վերածվի թուրք-ադրբեջանական՝հակահայկական պլացդարմի, որը կդառնա ՀՀ-ի մեկուսացման թուրք-ադրբեջանական ռազմավարության մի մասնիկը:
ՀՀ-ն պետք է Վրաստանին հստակ մեսիջ հղի, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է կրեն ռազմավարական բնույթ և Վրաստանի կենսական շահերից է բխում ՀՀ-ի հետ սերտ տնտեսական, քաղաքական, էներգետիկ, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը: ՀՀ-ն պետք է ունենա իր soft power-ը Վրաստանում՝ի դեմս տեղի հայկական համայնքի, մշակութային, տնտեսական ազդեցության, իսկ Վրաստանն էլ ունի soft power ՀՀ-ի նկատմամբ՝Վրաստանի տարածքով են անցնում ՀՀ-ի համար կյանքի ճանապարհների կարգավիճակ ունեցող լոգիստիկ գրեթե բոլոր հզորությունները:
Այսպիսով, Փաշինյանի այցը պետք է իր հետ բերի որակական փոփոխություններ հայ-վրացական հարաբերություններում՝շեշտը դնելով նոր տնտեսական նախագծերի վրա և այցը չսահմանափակվի միայն պրոտոկոլային հանդիպումներով ու հայտարարություններով:
Վարդան Վարդանյան