24.11.2024
Պատգամավորները որոշել են խմբագրել տնտեսության կանոնները. Ասատրյանը խորհուրդ չի տալիս
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նիկոլ Փաշինյանն առաջիկա ամիսներին ամբողջությամբ կփոխի կառավարության կազ­մը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տեւական ժամանակ է՝ C\/-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազ­մը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը՝ Հայկակ Արշամանի գլխավորությամբ: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ ար­դարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին եւ մամուլի խոսնակ նշանակեց Մանե Գեւորգյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել: Մանե Գեւորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը C\/-ներ է հավաքում եւ կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք նաեւ կառավարության տեսակետը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։ Մեզ հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում հարցի հետ կապված կտրուկ որոշումներ ընդունել։ Մասնավորաբար, չի բացառվում՝ մինչեւ մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, ելնելով իրադարձությունների զարգացման ընթացքից, ժամանակավորապես չեղարկվի նաեւ հանրաքվեն՝ այն հետաձգվելով մինչեւ աշուն։ Բայց սա միայն տարբերակներից մեկն է, այն էլ՝ սուր անհրաժեշտության դեպքում: Սակայն մինչ այդ տեղերում սկսել են ակտիվ աշխատել իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորաբար մարզպետները: Ի դեպ, տեղերից ստացվող տեղեկությունների համաձայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քիչ չեն այն գյուղապետները կամ տարածքային տարբեր կառույցների ղեկավարները, որոնք պատրաստ են ամեն գնով «արջի ծառայություն» մատուցել իշխանություններին, չնայած, այդ մասին զգուշացրել էր Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Քարոզարշավի ժամանակ որեւէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը»։ Ի դեպ, խոսակցություններ են շրջում, որ հանրաքվեին ընդառաջ փորձում են ակտիվանալ եւ իշխանություններին իրենց ծառայություններն առաջարկել նաեւ օրենքի հետ խնդիրներ ունեցող որոշ շրջանակներ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին: Փաշինյանական թիմի ֆիասկոն կրկնակի է եղել նաեւ այն պատճառով, որ ՍԴ դատավորներից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել ԱԺ ամբիոնից հնչեցրած նրա հրավերին` «պատրաստ եմ առանձին կամ միասնական հանդիպել ՍԴ դատավորների հետ, քննարկել իրենց հետ այդ հարցը»։ Ասում են` այս արհամարհական լռությունը զանազան խոսակցությունների առիթ է տվել իշխանական թիմին առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ոչ միայն ընթացող գործընթացները չի վերահսկում, այլեւ հեղինակություն չունի, հետեւաբար դժվար չէ ենթադրել, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն չի ստանա անհրաժեշտ ձայներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է հանրաքվեն տեղի չունենա կորոնավիրուսի պատճառով, շատերն անհանգիստ են, չունե՞ք անհանգստություն՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Անկեղծ ասած` մետեորիտն ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան էդ կորոնավիրուսը, պետք չէ պանիկայի մեջ ընկնել, ամեն ինչ նորմալ է. մասնակցության հետ կապված՝ որեւէ խնդիր չեմ տեսնում»: Նույն հարցին իմքայլական Հրաչ Հակոբյանը պատասխանեց․ «Կորոնավիրուսի հետ կապված՝ անիմաստ խուճապ է հիմա»: Հայաստանում չկա՞։ «Դե, եթե կա, ասեք` իմանանք»։ Հնարավոր չէ՞, որ բոլոր տվյալները չհրապարակեն։ «Չէ, կիմանայինք, եթե ոչ մենք, դուք` լրագրողներդ, հաստատ, թաքուն չէր պահվի»: Հանրաքվեն չի՞ վտանգվի։ «Վստահ եմ՝ անհրաժեշտ ձայն ու ավելին կհավաքի»: Շատ չե՞ք ինքնավստահ։ «Այդ ինքնավստահությունը գալիս է մեր աշխատանքից»:


«Իրատես» թերթը գրում է. «2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել: Իրողություն, որը խիստ քննադատության ենթարկվեց։ Ակամա մտաբերեցի հիշյալ անցքը, երբ մարտի 1-ի երեկոյան տեսա, թե իրեն Մարտի 1-ի խառնակչության «զոհ» համարողն ինչպես էր «նշում» օրը։ Հավանաբար իրենից լավ ոչ մեկը չէր կարող նկարագրել, թե ինչպես է երկրի վարչապետը հարգում այդ օրը. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Փաշինյանը՝ Ծաղկաձորից լուսանկարներ հրապարակելով։ Փաստորեն, իշխանությունը զոհերի հիշատակը հարգելու հարցում մեկ քայլ առաջ է անցել. եթե նախկինում հրավառություններ էին անում «մանր-մունր» կուսակցականներ, հիմա երկրի առաջին դեմքը տասը զոհերի հիշատակը հարգում է «քյոհնա քեֆչու» հանգով՝ ընտանիքի անդամներով հանդերձ «օբյեկտից օբյեկտ» անցնելով։ Ի՞նչ է եղել, որ... մարդիկ ուտում-խմում՝ ուրախանում են։ Զավեշտն այն է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը որոշել էր ողջ ժողովրդին ոտքի հանել, երթ անել ու հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Արեց... Հարգեց... Ինչպես ինքն է խոստովանում՝ «քյոհնա քեֆչու» ազարտով»:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում մշտապես գերտերություններն իրենց ազդեցության գոտիները մեծացնելու պայքարի մեջ են։ Մեզանում ռուսամետ տրամադրությունները գերիշխող են եղել, սակայն իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։ Վերջերս հայ-ռուսական մի քննարկման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնել, որ այդ ուղղությամբ էական փոփոխություն է տեղի ունեցել։ Ռուսական շրջանակները մտահոգված են, որ Հայաստանում արեւմտյան ուժերը սկսում են մեծ տեմպերով հաջողություններ գրանցել, ավելին, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու վտանգ են տեսնում։ Բայց նաեւ արձանագրել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որ նախկինում եղած իրենց կշիռը չկորցնեն։ Մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական քաղաքական շրջանակներն այս իրավիճակը բացատրել են նաեւ այն հանգամանքով, որ հայաստանյան այսօրվա իշխանությունն իր ողջ էությամբ հակառուսական է, ինչը զգալիորեն նպաստում է, որ երկրում այդպիսի տրամադրությունները խորանան։ «Բայց այս իշխանություններն ամեն օր իրենց հավատարմությունն են հայտնում, թե Հայաստանը փայլուն հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ» դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցը հեգնեց. «Իսկ ովքե՞ր էին նրանք մինչ հեղափոխությունը։ Ռուսաստանում չեն մոռանում նրանց ընդգծված հակառուսական պահվածքն ու համոզմունքները։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, Ձեր տեսածը միայն արտաքին շերտն է»։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանը եւ Վրաստանը մշտապես ունեցել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պատմության ընթացքում շահերի լայն շրջանակի համընկնմամբ: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 3-ին երկօրյա պաշտոնական այց է կատարում Վրաստան: Նկատենք, որ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո սա արդեն երրորդ այցն է Վրաստան, որոնցից երկուսը՝ պաշտոնական այցեր են եղել: Ըստ որում, առաջին՝ 2018 թվականի մայիսին տեղի ունեցած այցի ընթացքում վարչապետն այցելել էր նաեւ Ջավախք, ինչը կարեւոր մեսիջ էր թե՛ ջավախքահայությանը, թե բարեկամ Վրաստանին առ այն, որ ջավախքահայության խնդիրները դուրս չեն Հայաստանի ուշադրության շրջանակից: Այս այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում արդեն Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ Թբիլիսիի եւ Ջավախքի հայկական համայնքների թե՛ խնդիրները, թե՛ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ էականորեն տարբերվում են միմյանցից: Սա՝ ի միջի այլոց»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։ Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական կազմին, սպասարկող անձնակազմին պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, վիրուսը բանակ մտնի։ Բոլոր նորմալ երկրներում գործում է խիստ մշակված պլան` օպերատիվ շտաբներում»,- ասաց ԱՆ աշխատակիցը: Ձեւավորվե՞լ է օպերատիվ շտաբ՝ հարցրինք Արսեն Թորոսյանին։ «Օպերատիվ շտաբ ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում` շենք կամ սենյա՞կ։ Շտաբը գործող մարդկանց խումբ է, որ ամեն օր հավաքվում են մեր նախարարությունում եւ որոշում` ինչ պետք է արվի այդ շրջանակներում»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, ինչը հասարակության մոտ առաջացրել է որոշակի տագնապային իրավիճակ. ներկայումս իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ համաճարակային իրավիճակից խուսափելու համար եւ ընթացքը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում: Այստեղ եւս խնդրահարույց է վիրուսի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քարոզարշավի ժամանակահատված է, զանգվածային միջոցառումներ ու հանդիպումներ են իրականացվում, որոնք վիրուսի հնարավոր տարածման առումով լրացուցիչ խնդիրներ ու լարվածություն են առաջացնում: «Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով կորոնավիրուսով պայմանավորված մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխեցին եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ, և խոսքը վերաբերում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, արվեստի դպրոցներին, ուսումնարաններին և բուհերին, բայց որոշ բուհերի անձնակազմին հրահանգված է ներկայանալ աշխատանքի։ Նման օրինակներից է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը։ Երեկ աշխատակիցները, ովքեր գնացել էին աշխատանքի, մեզ դժգոհեցին, որ չեն հասկանում տարբերակված մոտեցումը։ Եթե վիրուսը վտանգ է սպառնում ուսանողներին, աշակերտներին, ապա ինչու են իրենք աշխատանքի գնում։ Իսկ, օրինակ, հայ-ռուսական համալսարանի ռեկտորը աշխատակիցներին հանձնարարել է աշխատել տնից և աշխատանքի չգալ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մոտ մեկ ամիս առաջ քննիչները հորդորել են գործի համար կարևոր բան պատմել՝ դրա դիմաց խոստանալով նրան ազատ արձակել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթ Սահակյանը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց: Եվ, ահա, Կարապետյանի որդին «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր մանրամասներ է փոխանցել. «Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Մայրս զարմացած ասել է` այո՛, իհարկե ուրախանում եմ»»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ-ում այս պահին քննում են Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը․ երեկ տեղեկացանք ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետից՝ դիմում չկա այդ մասին, ԲԴԽ-ն ինքն է քննարկում՝ վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ օրերս անդրադարձել էինք ԲԴԽ անդամ, իշխանությունների սիրելի Հայկ Հովհաննիսյանի հատուկ կարծիքին, որը, ըստ մասնագետների, նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է՝ ընդհուպ ԲԴԽ անդամությունից զրկելը, որովհետեւ պարունակում է քաղաքական կոչեր, հորդոր՝ ՍԴ որոշումը, որով արձանագրվել էր դատավոր Արայիկ Մելքումյանի իրավունքների խախտումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսային վարչության պետ Տիգրան Զաքարյանը այն պաշտոնյաներից է, ում կենսագրությունը բավական հաճախ հենց ՊԵԿ-ի պաշտոնական կայքում փոփոխությունների է ենթարկվում։ Այս չինովնիկի կենսագրության մեջ 20 տարի անց հայտնվել է տվյալ, որ նա հեռավոր 1990-ականների վերջերին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Սերժ Սարգսյանի օգնականի տղան առաջին անգամ չէ ձևափոխումների ենթարկում կենսագրությունը։ Տարիներ առաջ նա ծնվել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդավայր Իրինդ գյուղում՝ 1969 թվականին, հետո պարզվեց ծնվել է Երևանում՝ 1970 թվականին»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Կառավարության ծրագրի 2019թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթղթում նշվում է, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ընդ որում՝ տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով»։


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում: «Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաեւ գնորդների հետ, որոնք եւս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երեւույթների առկայությունը: Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Շաքարավազի շուկան դիտարկելիս ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է առավել խոշոր 5 առեւտրային ցանցերի կողմից շաքարավազի ձեռբերման ու իրացման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը: Այստեղ էլ պարզվել է, որ 2018 եւ 2019 թթ․ առավել խոշոր 5 առեւտրային ցանցերի շրջանում շաքարավազի ձեռքբերման ու իրացման առավել մեծ ծավալներ ունեցել է «Սիթի» ընկերությունը։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանից տեղեկացանք, որ հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ «Ալեքս հոլդինգի» վարքագիծը՝ խոշոր ձեռք բերողների եւ իրացնողների կողմից շաքարավազի իրացման գործընթացում հնարավոր խտրական դրսեւորումները բացահայտելու նպատակով։ Փորձեցինք մի փոքր բացել փակագծերը՝ ինչ է ենթադրում այդ վարքագծի ուսումնասիրությունը։ Ըստ Գեղամ Գեւորգյանի, մասնավորապես ուսումնասիրվել են «Ալեքս հոլդինգի» իրացման գները՝ գնորդ հանդիսացող խոշոր առեւտրային ցանցերին շաքարավազի իրացման գործընթացում: Պարզվել է՝ «Ալեքս հոլդինգը» դիտարկվող բոլոր ամիսներին խոշոր առեւտրային ցանցերին շաքարավազ իրացնելիս գնորդ ընկերությունների համար միջինում տարբեր գներ է սահմանել: Մինչդեռ, «հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հստակ սկզբունքներ եւ չափանիշներ, մշակված հստակ գնային ու զեղչային քաղաքականություն՝ ապրանքների իրացման ժամանակ գնորդ ընկերություներին իրացման ցածր գներ, զեղչեր սահմանելու, կամ այլ արտոնյալ պայմաններ տրամադրելու գործընթացում»»: